Թուրքական «Cihan» լրատվական գործակալության փոխանցմամբ, Planet Food World (PFWC) անունով մասնավոր մի ընկերություն Պարսից ծոցի տարածաշրջան սննդամթերք արտահանելու համար հինգ տարվա ընթացքում գյուղատնտեսական նշանակության 20 հազար հողակտոր է վարձակալելու: Ընկերության Թուրքիայի ներկայացուցչության տնօրեն Մեթե Մութլուօղլուն ասել է, որ ամեն մի հողակտորը 10 հազար քմ է լինելու եւ այնտեղ մրգի ու բանջարեղենի կողքին բազմացնելու են նաեւ ձուկ, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ: Ընկերությունը Թուրքիայում օգտագործելու է 200 քառակուսի կիլոմետր հողատարածք:
Մութլուօղլուն նշում է, որ սննդամթերքը հիմնականում արտահանվելու է Սաուդյան Արաբիա եւ Պարսից ծոցի այլ երկրներ, սակայն ցանկանություն կա արտահանել նաեւ Եվրոպա եւ Ռուսաստան: Ընկերությունը մոտակա 4-5 ամսվա ընթացքում կսկսի վարձակալել կամ գնել համապատասխան հողատարածքները:
Ըստ ընկերության պատասխանատուների՝ մեկ հողագործը մեկ հեկտար հողից ստանում է տարեկան 1200 դոլար եկամուտ, կամ ամսեկան 100 դոլար: Ընկերությունը պատրաստ է վճարել այդ գումարը՝ որպես հողավարձ: Իսկ այն գյուղացիները, ովքեր կցանկանան աշխատել ընկերության անունից, կապահովվեն անվճար բնակարանով եւ ապահովագրությամբ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի «Աբու Դաբի» ներդրումային ֆոնդի եւ Gulf Finance House ve Ismar Bank-ի հետ համատեղ ստեղծված հիմնադրամը, Թուրքիայի գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նպատակով անցյալ հոկտեմբերին 6 միլիարդ դոլարի համաձայնագիր է կնքել: