Հայաստանը եւ Եվրոպան կրողն են մի արժեհամակարգի, որի հիմքում ընկած են քրիստոնեական արժեքները, որոնք այսօր էլ պիտի շարունակեն հիմք ծառայել համագործակցության եւ կյանքի հետագա զարգացման համար: Այս մասին այսօր` փետրվարի 23-ին, Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի պատգամավորների պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Կաթողիկոսը նշել է, որ նման ժողովների անցկացումը եւ փորձառության փոխանակումը մեծապես կնպաստեն Հայաստանի առջեւ ծառացած տարբեր մարտահրավերների հաղթահարմանը եւ երկրի առաջընթացին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներգրավվածությանը խաղաղասիրական առաքելության մեջ, կարեւորվեցին մարդկանց եւ ազգերի միջեւ սիրո, համերաշխության եւ փոխըմբռնման ոգու հաստատմանն ուղղված ջանքերը: Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին` Գարեգին Բ-ն տեղեկություններ է հաղորդել Հայոց Եկեղեցու պատմության, կառուցվածքի, տարբեր երկրներում գործունեության վերաբերյալ:




























