ՀԱԿ-ը շատ նորմալ է գնահատում «Հանրապետություն» կուսակցության որոշումը, ըստ որի, կուսակցությունը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված կլինի միայն ի դեմս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի` Արամ Սարգսյանի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, հավելելով, որ դա կուսակցության ինքնուրույն հայտարարությունն է եւ այդ որոշումը դուրս չէ ՀԱԿ-ում ընթացող բանակցությունների տրամաբանությունից:
Հարցին, թե այս որոշումն, իր կարծիքով, ավելի շատ դրակա՞ն էր, թե` բացասական, Վ. Կարապետյանը պատասխանեց. «Եթե բացասական լիներ կներկայացնեի: Իսկ առավելությունն այնքանով է, որ իրենք իրենց դրական մոտեցումը հայտնել են»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմմանն ու առաջին հորիզոնականներում թեկնածուների հերթականությանը, նա նշեց. «Գիտեք, երբեք ոչ մի հարց 1, 2, 3,4, 5-ով չէ: Ցուցակները, երբ ամբողջությամբ պատրաստ կլինի, այդ ժամանակ էլ կհրապարկենք: Եթե ես նույնիսկ մոտավոր ցանկացած բան ասեմ, դա բացարձակ չի համապասխանի իրականությանը, դրա համար եկեք սահմանափակվենք այսքանով: Ես չեմ մեկնաբանում ցուցակի հետ կապված ոչ մի հարց, քանի դեռ այն չի հստակեցվել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԱԿ-ի անդամ հանդիսացող «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Հայտարարությունում ասվում է. «Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները դիտարկում է որպես սահմանադրական կարգը վերականգնելու իրավական հնարավորություն: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալական, ֆինանսատնտեսական, բարոյահոգեբանական, մշակութաբանական խնդիրները, ժողովրդագրական օրեցօր սրվող իրավիճակը` մենք խորհրդարանական ընտրությունները համարում ենք հասարակության բոլոր խավերի հնարավորինս մեծ ընդգրկումով իշխանափոխության միջոց:
Եվ քանի որ պատգամավորական մանդատների ձեռքբերումից առավել կարեւորում ենք համակարգային իրական փոփոխությունների իրականացումը` անհրաժեշտ ենք համարում, կուսակցության ողջ ներուժը առաջիկա քաղաքական գործընթացներում ներգրավելով` ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված լինել միայն ի դեմս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի»:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, ՀԱԿ-ի ցուցակի 1-ին երեք տեղերում լինելու են, համապատասխանաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանարապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:




























