Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա, որտեղ կայանալու է երկկողմ համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստը: Փարիզի Մատինյոնյան պալատում ռուսական կառավարության ղեկավարն արդեն հանդիպում է անցկացրել ֆրանսիացի գործընկերոջ՝ Ֆրանսուա Ֆիյոնի հետ:
Այսօր Պուտինը հանդիպելու է նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ, ապա կմասնակցի հանձնաժողովի նիստին, որտեղ, «Ինտերֆաքսի» տվյալներով, խոսք է գնալու էնեգետիկայի եւ էներգախնայողության, երկկողմ տնտեսական նախագծերի եւ վիզային ռեժիմի մեղմացման մասին:
Առեւտրա-տնտեսական փոխգործակցության հարցեր են քննարկվելու Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, կողմերը քննարկում են Renault-ի փաթեթի ավելացումը «ԱվտոՎԱԶ»-ում՝ ֆրանսիական կոնցեռնում մասնաբաժնի դիմաց: Շուկայական պայմաններում Ռուսաստանը կարող է ստանալ Renault-ի ոչ ավել, քան 1,5 տոկոս բաժնետոմսերը, մինչդեռ Renault-ը արդեն գնել է «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսը, իսկ Ռուսաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ռուսական ավտոարտադրողին՝ 54,8 միլիարդ ռուբլու չափով:
Պուտինի այցի ընթացքում ստորագրվելու է 25 համաձայնագիր:




























