Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է մի քանի իրավապաշտպանների հայտարարությանը, ովքեր հետ են վերցրել իրենց ստորագրությունները ՄԻՊ-ի հետ կնքած փաստաթղթից:

ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանը հուշագիր է կնքել շուրջ 80 հասարակական կազմակերպությունների հետ, որոնց մեծ մասի հետ համագործակցում է եւ ծրագրեր է իրականացնում տարբեր բնագավառներում:

2012 թվականից աշխատակազմում գործում է «Խոցելի խմբերի պաշտպանության եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության» վարչությունը, որը մշտապես կապ է պահպանում հասարակական կազմակերպությունների հետ` նրանց ընդգրկելով գրասենյակի կողմից իրականացվող տարբեր նախաձեռնություններում:

Ցավոք, որոշ հասարակական կազմակերպություններ ոչ լիովին են ընդգրկվել ակտիվ համագործակցության ծրագրերում, ինչը ժամանակի խնդիր է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստ է շարունակել աշխատանքները եւ համգործակցության ընդհանուր եզրեր գտնել վերը նշված հասարակական կազմակերպությունների հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հուշագրից իրենց ստորագրությունը հետ վերցրած իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում էր.

«Մարդու իրավունքների պաշտպանի եւ բռնության, խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված մի շարք հասարակական կազմակերպությունների միջեւ 2011 թվականի հունիսի 4-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, քանի որ կողմերը կիսում են նմանատիպ առաքելություններ եւ ցանկանում են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` բռնության, խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որպեսզի բարձրացնեն նշված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավետությունը:

Ստորագրված հուշագիրը ենթադրում էր որոշակի ժամկետներ, որի ընթացքում պետք է սկսվեին նախագծերի մշակումները եւ իրականացումը: Սակայն առ այսօր որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել Պաշտպանի գրասենյակի կողմից: Ելնելով նրանից, որ անցած մի քանի ամիսը բավարար էր վերջնականապես համոզվելու, որ հուշագիրը կրում էր բացարձակապես ձեւական բնույթ, վերոնշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջելով լուծել հուշագիրը»: