Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, ամենայն հավանականությամբ, կրկին կառաջադրի իր թեկնածությունը Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում: Պատգամավորն այդ մասին ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: «Երեւի կառաջադրվեմ մեծամասնականով, իմ ծննդավայրում»,- նշեց քաջարանցի 34-ամյա պատգամավորը, որ Ազգային Ժողովի մանդատ ունի սկսած 2004 թվականից:

Առաջադրվելու մտադրություն ունի նաեւ Արմավիրի մարզի թիվ 20 ընտրատարածքից ընտրված Հրանտ Գրիգորյանը: «Նախնականով կառաջադրվեմ, ես կուսակցական մարդ եմ, ոնց կորոշեն»,- նշեց հանրապետական պատգամավորը:

Մեկ այլ հանրապետական` «Շմայս» մականունով Առաքել Մովսիսյանը դեռ որոշում չի կայացրել առաջադրման վերաբերյալ:

Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը` «Յուվեցի Կարոն» հայտնեց, որ դեռ ժամանակ ունի որոշելու համար: Դիտարկմանը, թե խոսակցություններ են շրջանառվում, որ Կարապետյանը լուրջ խնդիրներ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ վերջինս չի աջակցելու նրան, պատգամավորը պատասխանեց. «Ոչ մի խնդիր էլ չունեմ: Պարոն Ծառուկյանը մեր կուսակցության նախագահն է, լավ ջերմ հարաբերությունների մեջ ենք», իսկ վերջում էլ պնդեց, որ կառաջադրվի: