Լոս Անջելեսում կայացել է Հայ-ամերիկյան առեւտրի պալատի (AACC) գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը։ Արարողությանը մասնակցել է ավելի քան 400 սփյուռքահայ գործարար, իսկ մրցանակաբաշխության հովանավորն է եղել «Ամերիա» խումբը, որը նաեւ տոնել է AACC-ի անդամակցությունը։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Ամերիաբանկի» մամուլի ծառայությունից, միջոցառման ժամանակ «Տարվա լավագույն ընկերություն-2012» մրցանակը շնորհվել է Turbo Tires ընկերությանը, «Տարվա կին գործարար» մրցանակը` իրավաբան Մարո Բուրունսուզյանին, «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Estet Jewelry House ընկերության նախագահ Գագիկ Գեւորգյանը, իսկ «Տարվա կազմակերպություն 2012» մրցանակը շնորհվեց Հայ-ամերիկյան բժշկական միությանը (Armenian American Medical Society), որի գործունեության մեջ մեծ ներդրում ունեն դոկտոր Վիգեն Սեփիլյանը` կազմակերպության նախագահը, եւ Ռամելա Մարգարյանը` նույն կազմակերպության կանանց կենտրոնի նախագահը (Armenian American Medical Society Ladies Auxiliary): «Ամերիայի» այցեքարտի խաղարկության հաղթողը ստացել է հատուկ նվեր «Ամերիա» խմբի անունից:
Տեղեկացնենք, որ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ԱՄՆ-ի եւ Հայաստանի հայ ուսանողներին կրթաթոշակ վճարելուն:
Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ, որպես ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առեւտրի պալատի անդամ` ԱՄՆ-ում «Ամերիայի» ներկայացուցչությունը` «Ameria Group Inc»-ը նախատեսում է 2012թ. ընթացքում մի շարք շնորհանդեսներ կազմակերպել պալատի ավելի քան 1,800 անդամների համար`Հայաստանում ներդրումներ իրականացնելու եւ գործունեություն ծավալելու վերաբերյալ:
ԱՄՆ-ում «Ameria Group Inc» ընկերության խորհրդանիշ է դարձել խնձորներով շրջապատված ծիրանը (լատ. հայկական խնձորը), որը խորհրդանշում է այն, որ «Ամերիա» ընկերությունների խումբն ԱՄՆ-ում առանձնանալով այլ ֆինանսական եւ խորհրդատվական ընկերությունների շարքում, կոչված է ծառայելու որպես կամուրջ սփյուռքի եւ հայրենիքի միջեւ` իրավաբանական եւ կառավարչական խորհրդատվական համալիր ծառայություններ տրամադրելու միջոցով:




























