Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հայտարարել է, թե Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը: «Երբ տնտեսության եկամուտների 30 տոկոսը ստացվում է 1 ճյուղից` շինարարությունից, իսկ արտահանման ծավալների 40 տոկոսը հանքարդյունաբերությունն է, տնտեսությունը վտանգված է։ Եթե Հայաստանը ցանկանում է վերադառնալ նախկինում արձանագրված աճին, պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը։ Դա մեխանիկորեն չի արվում եւ պահանջում է բիզնես միջավայրի բարելավում ու լրջագույն ներդրումներ տրանսպորտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ որակյալ աշխատուժ»,- հայտարարել է Վարուդակիսը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե որքանով է Հայաստանի համար վտանգավոր իրավիճակը, երբ 2009թ. վերջին Հայաստանի պետական պարտքը կհասնի 3 միլիարդ դոլարի, իսկ 2010թ. ավարտին՝ 3,5 միլիարդի, եւ կկազմի Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 50 տոկոսը, Վարուդակիսը պատասխանել է. «Գոյություն չունի կախարդական կամ ունիվերսալ ցուցանիշ` 50 կամ 60 տոկոս։ Ցանկացած երկրի համար կան արտաքին պարտքի թույլատրելիությունը պայմանավորող մի շարք գործոններ։ Նախ, դա երկրի տնտեսական աճի տեմպերն են, որոնք հնարավորություն կտան հարկային եկամուտներ հավաքագրելով մարել արտաքին պարտքը։ Հաջորդ գործոնը՝ տնտեսության դիվերսիֆիկացիան եւ մրցունակությունն է, եւ անկասկած` հարկային վարչարարության արդյունավետությունը»:



























