Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայության (ՌԴՔԾ) ղեկավար Ալեքսանդր Ռեյմերը հայտնվել է սեռական սկանդալում. նրա նախկին քարտուղարուհին բողոք է ներկայացրել հետաքննչական հանձնաժողով, որում ղեկավարին մեղադրել է սեռական ոտնձգությունների եւ իր հեռախոսների ապօրինի գաղտնալսման մեջ: 

40-ամյա Եկատերինա Միշինան (հետաքննության շահերից ելնելով ազգանունը փոխվել է) «Իզվեստիա» թերթին պատմել է, որ Ռեյմերն անընդհատ հետապնդել է իրեն, սակայն մերժում ստանալով` սկսել է սպառնալիքներ տեղալ եւ խորհուրդ է տվել լավ մտածել, իսկ այն բանից հետո, երբ կինն այդպես էլ չի հանձնվել, Ռեյմերն սկսել է նրա դեմ նյութեր հավաքել` նրա ծառայողական հեռախոսն ապօրինի գաղտնալսելով: 

Անցյալ տարվա փետրվարին Միշինային եւ եւս երկու աշխատակիցների Ռեյմերը ցույց է տվել նրանց հեռախոսային խոսակցության 250 տպագիր էջ: Զայրացած ղեկավարը ստորադասներին հայտարարել է, որ եթե իր դեմքը դուր չի գալիս, նրանք կարող են գրողի ծոցը կորել:

2011 թվականի մայիսին Միշինան ստիպված է եղել ՌԴ ՔԾ-ի աշխատանքից հեռանալ սեփական կամքով: Շուտով աշխատանքից զրկվել է նաեւ նրա եղբայրը, որից հետո կրճատել են նաեւ ամուսնուն, որը թիկնապահ էր աշխատում: Կինը կարծում է, որ այդ ամենը տեղի է ունեցել նախկին ղեկավարի ջանքերով:

Վարչությունում Միշինայի բողոքը չեն մեկնաբանում, սակայն փորձագետները չեն բացառում, որ սկանդալը կարող է կապված լինել ՌԴՔԾ-ի հակառակորդ խմբավորումների հետ: Բանն այն է, որ Ռեյմերի գալուց հետո վարչությունում ընթացել է ներկուսակցական պայքար, որը նա դաժանորեն ճնշել է: Բացի դրանից, վերլուծաբանները կարծում են, որ Ռեյմերին հարված են հասցրել 2010 թվականին նրա կողմից կազմակերպված զանգվածային կրճատումներից տուժած  թշնամիները. այն ժամանակ պաշտոններից զրկվել էին 20 գեներալ եւ պաշտոնով մի փոքր ցածր մի քանի աշխատակիցներ ամբողջ Ռուսաստանի մասշտաբով: