Ռուս հայտնի դերասան Ալեքսանդր Պրոխովշչիկովը հիվանդանոց է տեղափոխվել կաթվածի ախտորոշմամբ: Նրա վիճակը ծանր է:
Ինչպես լրագրողներին հաղորդել է ընտանիքի փաստաբան Սերգեյ Ժորինը, դերասանը հիմա չի կարողանում խոսել: Կինն անընդհատ նրա կողքին է:
73-ամյա Պրոխովշչիկովի ծանր հիվանդությունը զարգացել է հենց հիվանդանոցում, որտեղ գտնվում էր որոշ ժամանակ առաջ ոտքի մի մասի անդամահատման վիրահատությունից հետո: Պրոխովշչիկովը տառապում է շաքարային դիաբետով: Դերասանի հարազատները կարծում են, որ պատճառը անվճար հիմունքներով բուժման վատ պայմաններն են, գրում է «Նովիե իզվեստիան»:
Խմբագրությունը ներկայացնում է անվանի դերասանի համառոտ կենսագրությունն ու դերերը: Նա ծնվել է 1939թ. հունվարի 31-ին Մոսկվա քաղաքում: Աշխատել է Մոսկվայի սատիրայի թատրոնում, Տագանկայի թատրոնում: 1981թ. աշխատանքի է անցել Ա. Ս. Պուշկինի անվան թատրոնում:
Խաղացել է «Ցոլա, ցոլա իմ աստղ» («Гори, гори, моя звезда» , 1969թ.), «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար» («Свой среди чужих, чужой среди своих», 1974թ.), «Գերող երջանկության աստղը» («Звезда пленительного счастья», 1975թ.), «Ադամանդներ պրոլետարիատի դիկտատուրայի համար» («Бриллианты для диктатуры пролетариата», 1975թ.), «Սիրելիներից մի բաժանվեք» («С любимыми не расставайтесь», 1979թ.), «Վորոշիլովյան հրաձիգը» («Ворошиловский стрелок»), «Սուրբծննդյան պատմություններ» («Рождественские истории»,2005թ.) ֆիլմերում, ինչպես նաեւ ժամանակակից մի շարք սերիալներում:



























