«Մարդասպան» իմպլանտներ արտադրողին կրկին ձերբակալել են գրավը չվճարելու համար: Poly Implant Prothese (PIP) ընկերության հիմնադիր Ժան Կլոդ Մասը չի վճարել 100 հազար եվրո, հայտնում է «Ռոսբալտը»:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Ժան Կլոդ Մասը ձերբակալվել եւ կալանքի տակ էր առնվել հունվարի 26-ին` Սի Ֆուր լե Պլյաժ քաղաքում, իր ծանոթուհու տանը: Մեկ օր անց դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել` արգելելով լքել Ֆրանսիան եւ հանդիպել իր ընկերության նախկին ղեկավարների եւ թոփ մենեջերների հետ, որը ներկայումս արդեն չի գործում:  Նա մեղադրվում է մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ:

Ֆրանսիայի առողջապահական իշխանություններն արգելել են PIP-ի արտադրանքն օգտագործել դեռեւս 2010 թվականին, երբ պարզվել էր, որ  իմպլանտները պատրաստված են արդյունաբերական գելից, իսկ նրանց թաղանթը պատռվում է սովորականից ավելի հաճախ: Այս տարվա նոյեմբերին PIP-ի հաճախորդուհիներից մեկի մահվանից հետո բժիշկները հետաքննություն են անցկացրել,  որի արդյունքներից ելնելով  երկրի առողջապահության նախարարությունը 30 հազար ֆրանսուհիների  խորհուրդ էր տվել դուրս հանել PIP-ի իմպլանտներն իրենց մարմիններից պետության միջոցների հաշվին: 

Համաշխարհային շուկայում ընկերության արտադրանքի մասնաբաժինը 84% է կազմում: Ըստ լրատվամիջոցների տեղեկության` Poly անորակ կրծքային իմպլանտները վաճառվել են 65 երկրներում, այդ թվում նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում: Ամբողջ աշխարհում այդ ոչ այնքան թանկ իմպլանտները, ըստ տարբեր գնահատականների, կրում են 400-ից  մինչեւ 500 հազար կանայք: