Ռուսական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հաղորդում հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովի կնոջ` Իրինայի ինքնասպանության մասին: Life News-ը պարզել է, որ ինքնասպանության մասին միտքը Իրինայի մոտ առաջացել է ամուսնու հիվանդությունից եւ հոսպիտալացվելուց շատ առաջ:

Պարբերականը` վկայակոչելով Պորոխովշչիկովի ընտանիքի աղախնին, հաղորդում է, որ դերասանի կնոջ մոտ օրացույց կար, որտեղ նա նշում էր օրերը մինչեւ իր մահվան օրը: Մոր եւ սիրելի շան մահից հետո (երկու դեպքն էլ գրեթե նույն ժամանակում է եղել) նրա մոտ ուժեղ դեպրեսիա էր սկսվել: Պորոխովշչիկովները նոր շուն էին վերցրել, բայց դժվախտ պատահարները բառացիորեն թեւաթափ էին արել Իրինային:

Հայտնի է նաեւ, որ Իրինա Պորոխովշչիկովան իր մահից առաջ միկրոբլոգ է բացել Twitter-ում, որտեղ մահից մի քանի ժամ առաջ թողել է վերջին գրությունը:

Ինքնասպանության քայլին Իրինայի դրդել են հիվանդանոցից ստացվող ոչ մխիթարական լուրերը: Բժիշկները նրան հայտնել են, որ ամուսնու վիճակը վատանում է, որից մի քանի ժամ հետո Իրինան ինքնասպան է եղել: Դրանից առաջ նա զանգահարել է ընկերուհուն` Օլգա Սիմոնովային եւ խոստովանել, որ ինքնասպան կլինի, եթե ամուսնու հետ մի բան լինի: Օլգան շտապ ոստիկանություն է կանչել, բայց Իրինայի փրկել չի հաջողվել:

Ալեքսանդր Պորոխովշչիկովի վիճակը հիմա էլ մնում է ծայրահեղ ծանր: Նա գտնվում է Նյարդաբանության գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, իսկ դերասանի ընկերներին ու մտերիմներին թույլ չեն տալիս այցելել նրան:

Նշենք, որ շաքարախտով հիվանդ Պորոխովշչիկովի մոտ գանգրենա է սկսվել, որի հետեւանքով հեռացրել են դերասանի ոտնաթաթը: Նա նաեւ սրտի նոպա է ունեցել, որից հետո դերասանին տեղափոխել են սրտաբանական բաժանմունք: Ավելի ուշ այդ ամենին գումարվել է կաթվածը: Պորոխովշչիկովին չեն հայտնել կնոջ ինքնասպանության լուրը, մտավախություն ունենալով, որ նրա սիրտը չի դիմանա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ռուս լրագրողուհի Քսենյա Լարինան մեղադրել է հայտնի դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովին` կնոջ մահվան մեջ, նրան անվանելով տան բռնապետ եւ սեփական մոր բացարձակ ստրուկ, ով իր ողջ չարությունը կնոջն է ուղղել:

Իր բլոգում լրագրողուհին պատմել է, որ այդ ընտանիքի պատմությունը խելագարության ու սպանության պատմություն է: «Այդ մարդը, ով ներկայանում է որպես խելամիտ տղամարդ ու ռուս ազնվական, 30 տարի շարունակ խելագարության է հասցրել իր կնոջը, փաստացի սպանել է նրան: Այդ մասին իմացել են բոլոր նրանք, ովքեր այդ ողբերգությանն ականատես է եղել մոտ հեռավորությունից»,-գրել է նա: