Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մոսկովյան «Տվերբուլ» ռեստորանում տեղի ունեցած դեպքերի իր տարբերակն է պատմել, որտեղ նա իբր ծեծել է Lifenews-ի լրագրողուհիներին:

Հիշեցնենք, որ News Media մեդիահոլդինգի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը ոստիկանությանը բաց նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ հեռուստահաղորդավարուհին հարձակվել է լրագրողուհիների վրա` ջարդելով ֆլեշ-քարտը եւ խլելով տեսախցիկը: 

Սոբչակը հայտարարել է, որ երկու աղջիկներն էլ, որոնք վկա են դարձել ռեժիսոր Պավել Լունգինի, ընդդիմադիրներ Իլյա Յաշինի եւ Բորիս Նեմցովի հետ իր ընթրիքին, հաստատությունից հեռացվել են մատուցողների կողմից: «Ընթրում եւ քննարկում էինք քաղաքականության մասին: Խոսակցությունը երեւի այնքան հետաքրքիր է եղել, որ մի ժամվա ընթացքում այն համակ ուշադրությամբ ձայնագրել են հարեւան սեղանին նստած տեսախցիկներով երկու աղջիկներ: «Տվերբուլի» մատուցողները շատ ուշադիր են, այդ պատճառով էլ երկու աղջիկներին ձեռքերից բռնած դուրս են հանել ռեստորանից` նախապես նրանց խնդրելով ջնջել նկարահանածը, որն էլ արվել է», - գրել է նա իր բլոգում:

Այնուհետեւ  «բարձրաշխարհիկ էգ առյուծը» հայտնում է, որ տասը րոպե անց ռեստորանի մուտքի մոտ արդեն կանգնած է եղել ոստիկանությունը, «հավանաբար աղջիկներն արդեն ներկայացրել էին դեպքերի իրենց տարբերակը»: «Մի խոսքով, մեր ուրախ խումբն ստիպված եղավ հագնվել հենց Տվերբուլի սրահում եւ դուրս գալ հետնամուտքով «Ամուր կաղին-3»-ի լավագույն ավանդույթներին համապատասխան», - ավելացրել է լրագրողուհին:

Հեռուստալրագրողուհին ժխտում է այն հայտարարությունը` իբր ֆլեշ քարտը ջարդվել է, սակայն ընդունում է, որ կրիչն իր մոտ է, հայտնում է rbc-ն:

Այն հարցին, թե որն է տարբերությունը Lifenews-ի լրագրողուհիների հետ իր վարմունքի եւ «Մարիո» ռեստորանում Ռուս երիտասարդության ղեկավար Վասիլի Յակեմենկոյի հետ իր հարցազրույցի միջեւ, Սոբչակը պատասխանում է.  «Մի բան է հասարակական վայրում ուղղակիորեն մոտենալ մարդուն եւ խնդրել հարցազրույց տալ, անգամ այդ ընթացքում անդրադառնալով ոստրեների ճաշացանկին (ես համարձակ մարդ եմ, իմ ընդդիմադիրներին միշտ ամեն ինչ երեսին եմ ասում եւ երբեք չեմ վախենում մոտենալուց, առավել եւս` տեսախցիկով): Այլ բան է գաղտնի նկարելը, առնետություն անելով եւ խախտելով անձնական զրույցներին ականջ դնելու մասին օրենքը»: Հակամարտությունում վերջին խոսքը մնում է մայրաքաղաքային ոստիկանությանը, որն արդեն սկսել է համացանցային կայքի լրագրողներին ծեծելու տվյալների ճշտումը: