«Լորի» ադամանդագործական ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի 30 տոկոսով ընդլայնել արտադրական ծավալները։ Այս մասին լրագրողների հարցին պատասխանելիս նշեց «Լորի» ընկերության տնօրեն Իսահակ Աղաջանյանը՝ ավելացնելով, որ ցանկանում են ռուսական շուկայում ավելացնել իրացման ծավալները։ Ըստ նրա՝ գործարանն ամսական արտադրում է մոտ 6000 կարատ ադամանդ, որի սպառման հիմնական շուկան Միացյալ Նահանգներն են։ «Արտադանքի 90 տոկոսը իրացվում է ԱՄՆ-ում, իսկ մնացած 10 տոկոսն արդեն Եվրոպայում»,- ասաց նա՝ ավելանելով, որ ճգնաժամը էապես չի ազդել ընկերության արտադրանքի ծավալների կրճատման վրա։ Տնօրենի խոսքով՝ ընկերությունն այս տարի մոտ 42 մլն դոլարի արտադրանք է տվել, որը սակայն նախորդ տարվա ցուցանիշից 10 տոկոսով պակաս է։ Ճգնաժամի պատճառով ընկերությունը 500 աշխատողներից 200-ին կրճատել է, սակայն արտադրական ծավալների մեծացման դեպքում նախատեսում են նոր աշխատատեղեր բացել։
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 1-ին ընկերություն էր այցելել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ծանոթանալու Հայաստանի ամենախոշոր ադամանդագործական ընկերության խնդիրներին, ինչպես նաեւ քննարկելու ադամանդագործության եւ ոսկերչության զարգացման հնարավորությունները։ Նախագահին ուղեկցում էին Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, «Լորի» ընկերության համասեփականատերեր Շահե Ասլանյանն ու Վարդգես Կնաջյանը։




























