Հայաստանի կառավարությունը մտադիր է ուժեղացնել օղու արտադրության եւ վերահսկողությունը, եւ չարաշահումների կանխարգելման միջոցառումները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Հայաստանի վարչապետը դեկտեմբերի 1-ին այցելել է «Original distillery company» օղու գործարան՝ գնահատել ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարումը, որ վերաբերում էր ներկրողների եւ առաքիչների արդյունավետ գործունեությանը, տեղական արտադրության խթանմանը:

Շրջայցից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է, որ իր փետրվարյան հանդիպումը ներկրողների հետ տալիս է դրական արդյունքներ: «Առաջինը, մենք նվազեցնում ենք օղու ներմուծման ծավալները եւ ունենում ենք սեփական արտադրություն. ստեղծվել է 80 աշխատատեղ, եւ գործարանն ընդլայնվելու է` աշխատողների քանակը հասցնելով մինչեւ 200-ի: Երկրորդը, շուկայում մրցակցությունը բերելու է նրան, որ օղու որակը Հայաստանում բարձրանալու է, իսկ դա կարեւոր է, որովհետեւ գործ ունենք մեր քաղաքացիների առողջության հետ»,- նշել է Սարգսյանը:

Արտասահմանյան բրենդները տեղական արտադրողների կողմից կրկնօրինակելու դեմ կառավարության քայլերի մասին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետը նշել է, թե Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ստանում է նման ահազանգեր: «Մշակվում է նոր ռազմավարություն, որը, մի կողմից, պետք է ակտիվացնի հանձնաժողովի գործունեությունը, մյուս կողմից` պետք է ներկայացվեն օրենսդրական նոր նախաձեռնություններ, որոնց համաձայն` հնարավորություն կտրվի հանձնաժողովին նման չարաշահումների դեպքում ոչ միայն պատժամիջոցներ կիրառել, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի մարդկանց մտքով չանցնի խաբեության ճանապարհով, սպառողներին թյուրիմացության մեջ դնելով, իրենց անորակ արտադրանքը վաճառել` ձեւացնելով, թե իբր վաճառում են հայտնի բրենդներ»: