Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին այցելեց «Լորի» ադամանդագործկան ընկերություն՝ ծանոթանալու պետության կարեւորագույն ճյուղերից մեկի խնդիրներին, ինչպես նաեւ քննարկելու դրանց լուծումների հնարավոր տարբերակները։ Այցի ընթացքում նախագահը հանդիպեց նաեւ հնդկական «Firestone» ոսկերչական ընկերության սեփականատիրոջը, որը ցանկանում է մի քանի միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում։
Նախագահի այցի մանրամասները ներկայացնելիս՝ լրագրողներին այս մասին տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ ավելացելով, որ ներդրումները կկատարվեն համատեղ՝ պետության եւ մասնավոր հատվածի կողմից։ «Կարճ ժամանակահատվածում կբացվեն մի քանի հարյուր աշխատատեղեր»,- ասաց նախարարը՝ նշելով, որ «Firestone» ընկերութան տարեկան շրջանառությունը 500 մլն դոլար է, որը մասնաճյուղեր ունի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում։
Ըստ նախարարի՝ հայկական ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքը բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում, այդ իսկ պատճառով խոշոր ընկերություններն արդեն ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնում։ «Ճգնաժամը բացասաբար ազդեց ոսկերչության եւ ադամանդագործության վրա, բայց վերլուծությունները ցույց են տալիս, որ ոլորտն արդեն կայունանում է»,- ասաց Ն. Երիցյանը՝ ավելացնելով, որ այժմ շուկայում նունիսկ հումքի ձեռքբերման խնդիրներ են առաջանում։
Նրա խոսքով՝ ալմաստի եւ ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները վաճառքներ գրեթե չեն իրականացնում՝ սպասելով, որ հետճգնաժամային գներով վաճառեն թանկարժեք ապրանքը։ Նախարարը նշեց, որ այժմ ադամանդագործական ընկերությունները բանակցում են ռուսական «Ալռոսա» ընկերության հետ, հումքի ներկրման տեմպերն ավելի հաճախակիացնելու համար։




























