«Արայ» ընկերության սեփականատեր, հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած  Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ քրեական գործ հարուցվել քրեական  օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հարկ է նկատել, որ  սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Հիշեցենք, որ Կարինե Սուքիասյանը թոռնուհու` Կարինայի հետ Հայաստանից հեռացել է եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

NEWS.am-ը դիմեց նաեւ Արաբկիրի վարչական շրջանի դատարան, որտեղ քննվում է երեխայի խնամակալության գործը, սակայն այնտեղից մեզ տեղեկացրեցին, որ իրենց մոտ դեռեւս գործն ընթացքի մեջ է եւ, ո’չ Կարինե Սուքիասյանին, ո’չ էլ Տատյանա Չադենկովային (երեխայի մայրն է) չեն զրկել խնամակալությունից:

Հիշեցենք, որ դեռեւս  դեկտեմբերին, երբ  Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան Հայաստանում էր, NEWS.am-ի հետ զրույցում ասել էր.« Ես ուզում եմ տեսնել աղջկաս` Կարինային, շփվել սկեսուրիս հետ, սակայն դեռ չի ստացվում: Ներկա պահին զբաղվում եմ փաստաթղթերով, ինչում ինձ ակտիվ օգնում է Ռուսաստանի դեսպանատունը: Ես գիտեմ, որ լավ մայր եմ: Ես ուրիշ ոչ մի բանով չեմ ապրել, բացի իմ երեխային վերցնելու պայքարով: Բոլոր դատերը շահել եմ, իմ երեխային  միշտ հիշում եմ, իրենով ապրում ու շնչում: Բայց չեմ  կարողանում մոտենալ իմ երեխային, քանի որ նրան զինված թիկնազոր է ուղեկցում, նույնիսկ մանկապարտեզ տանելուց».- ասել էր Տատյանան:

Ավելի վաղ նոյեմբերի 25-ին Տատյանան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ Արմենի հետ ծանոթացել է 2004թ-ին Դուբայում եւ մեկ տարի անց ամուսնացել: Աղջիկը` Կարինան ծնվել է 2006-ին, իսկ ընտանիքում խնդիրները ծագել են այն բանից հետո, երբ, ըստ Տատյանայի, Արմենն սկսել է ծեծել իրեն, հաճախ ալկոհոլ օգտագործել, ինչպես նաեւ նոր կանայք են սկսել հայտնվել նրա կյանքում: Իսկ 2010թ. Նոր տարվա նախօրեին, երբ հերթական անգամ հարաբերությունները հարթելու նպատակով Տատյանան եկել է Հայաստան, այդ ժամանակ, ատրճանակի սպառնալիքի ներքո, իրեն հասցրել են օդանավակայան եւ ստիպել առանց երեխայի հեռանալ Հայաստանից: Հիշեցենք, որ ոստիկանությունը հոկտեմբերի 16-ին, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Իսկ վերջերս հայտնվեց մի տեսանյութ, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը եւ  գործը Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը