ԱՄՆ-ում գիտնականը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման` Իսրայելի օգտին լրտեսության համար: Սթյուարթ Դեւիդ Նոզեթը նաեւ 217 հազար դոլարի փոխհատուցում պետք է վճարի այն հաստատություններին, որոնց տեղեկատվությունը նա մտադրվել էր փոխանցել իսրայելյան հետախուզությանը:
Գլխավոր դատախազի ազգային անվտանգության գծով օգնական Լայզա Մոնակոն հայտարարել է, որ Սթյուարթ Նոզեթը դավաճանել է հայրենիքը եւ իր հանդեպ տածած վստահությունը եւ արժանի պատիժ է ստացել, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:
Համաձայն հետաքննության փաստաթղթերի` Սթյուարթ Նոզեթը աստղագիտության ոլորտում գիտական աստիճան է ստացել 1983թ.` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, այնուհետեւ 1989-1990թթ. աշխատել է Սպիտակ տանը որպես Տիեզերքի եւ տիեզերական հետազոտությունների գծով խորհրդական:
Գիտնականը նաեւ, հնարավոր է, մասնակցել է Լուսնի հարավային բեւեռում ջրի որոնման գիտական ծրագրերին: Աշխատելով էներգետիկայի նախարարությունում`նա տիրապետում էր միջուկային նյութերի եւ սպառազինության մասին գաղտնի տեղեկատվությանը:




























