«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ երեկ տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելուն ուղղված քայլ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նշելով, որ հայկական կողմն իր գործողություններով հաստատում եւ ցույց է տալիս, որ ինքը եւս շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ, այդ կերպ հասկացնում է Թուրքիային, որպեսզի նա ողջամիտ ժամկետներում վավերացնի արձանագրությունները։ «Այս ամբողջ գործընթացում ամենաուշագրավ կետը, սակայն, այն է, որ բանակցություններ է սողոսկել մինչ այժմ չարծարծվող ժողովուրդների հավասարության հարցը, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի՝ գործընթացի մեջ ներգրավելու դեպքում խաղի մեջ կմտնի երկու՝ հայ եւ ադրբեջանցի համայնքների մակարդակով»: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, այս փաստն անհնարին կդարձնի խնդրի լուծումը, իսկ դիրքորշումների տարբերությունը կբերի փակուղային իրավիճակի։
Բանակցային գործընթացում առկա լավատեսությունը համարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակականության երաշխիք՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատեց, որ «մթնոլորտի ձեւավորման համար», անկախ դժվարությունների առկայությունից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ էլ լավատեսորեն է արտահայտվել բանակցային գործընթացի մասին։ «Սա քայլ է հասկացնելու Թուրքիային, որ ղարաբաղյան հիմնախնդրում դրական տեղաշարժեր կան, եւ որ նա պարտավոր է հնարավորինս շուտ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը։




























