«Եթե Թուրքիան ձախողի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, դա կուժեղացնի ցեղասպանության ճանաչման ջանքերը ԱՄՆ-ում»,- նման տեսակետով հանդես եկավ Ռազմավարակն եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ այդ դեպքում Հայաստանը նույնպես պետք է վերանայի իր արտաքին քաղաքական դիրքորոշումը:

«Այդ դեպքում, գուցե մենք կարիք ունենք վերանայել մեր դիրքորոշումը, թե հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Թուրքիան հարգում է միայն ուժը, եւ գուցե մենք արդեն ուժեղ ենք լինելու եւ կարող ենք ուժի դիրքերից խոսել, քանի-որ Թուրքիայի կողմից արձանագրությունների ձախողումից հետո միջազգային հանրությունը դեմ է լինելու Թուրքիային»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե արձանագրությունները վավերացվեն ու սահմանն էլ բացվի, չի կարելի միանշանակ հայտարարել, թե Հայաստանը հաղթել է: «Ամեն բան կախված է նրանից, թե ինչ գին ենք մենք վճարելու դրա դիմաց»,- նշեց Ռ. Կիրակոսյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ անգամ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը չի լուծի Հայաստանի ներքաղաքական հարցերը: «Մենք ունենք մարտի 1-ի չլուծված հարց, որն իրական մարտահրավեր է Հայաստանի համար: Կան նաեւ տնտեսության մեջ առկա խնդիրներ, ներկուսակցական խնդիրներ եւ երկիրը լուրջ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների կարիք ունի»,-ընդգծեց նա: