Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել բացառել երկաթուղու սակագների չհիմնավորված աճը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը հավանություն է տվել երկաթուղային փոխադրման ծառայությունների սակագների վերաբերյալ ՀՀ եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջեւ համաձայնագրի նախագծին եւ ՀՀ անունից այն կնքելու իրավունքը վերապահել տրանսպորտի եւ կապի նախարարին: Որոշման նպատակն է նշված սակագների տնտեսական չհիմնավորված աճի բացառումը: Ստեղծվելիք հանձնաժողովը կսահմանի երկաթուղային փոխադրման ծառայությունների գնագոյացման մեթոդաբանությունը, սակագների փոփոխության եւ հիմնավորվածության վերաբերյալ կկազմակերպի քննարկում, ինչպես նաեւ համաձայնություն կտա, որպեսզի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սահմանի կամ փոփոխի սակագները:

Գործադիրը նաեւ համաձայնություն է տվել Երկաթուղիների համագործակցության կազմակերպությանը ՀՀ անդամակցության առաջարկությանը: Կազմակերպությունը, որը ստեղծվել է 1956 թ. եւ որին անդամակցում է 27 պետություն, նպատակ ունի խթանել միջազգային երկաթուղային բեռնա- եւ ուղեւորափոխադրումը: