"Հայաստանի մարզերում գործող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են վարչարարությունից, հարկային օրենսդրությունից եւ պետական մարմինների շրջանում տարածված կոռուպցիայից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի աջակության գերմանական ProSME ծրագրի փոխտնօրեն Անուշ Ասլանյանը։ Ըստ նրա՝ մարզերում տնտեսվարողների շրջանում 4 հարցման ծրագրեր են իրականացվել, որոնց մասնակիցները հիմնականում դժգոհել են պաշտոնյաների աշխատելաոճից։ «Այս տարի հարցվածները, իրենց բիզնեսին խոչընդոտող խնդիր են համարել վարչարարական թերությունները։

Մարզերի գործարարները նշում են, որ չափազանց շատ պետական մարմիններ հսկում իրականացնելու լիազորություններ ունեն»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հատկապես մարզերում գործարարների շրջանում ցածր է իրավական գիտելիքների մակարդակը։ ProSME-ի փոխտնօրենը տեղեկացրեց, որ ՓՄՁ հատվածի գիտելիքների բարձրացման նպատակով գերմանական PEM ընկերության միջոցով գործարարների շրջանում անվճար խորհրդատվություն է իրականացնում։ 2010 թվականից Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման ծրագիրը փոխանցվելու է Գերմանիայի տեխնիկական համագործակության ընկերության (GTZ) հայաստանյան գրասենյակին, որը եւս խորհրդատվական դաշտում մեծ փորձ ունի։

GTZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբեսը տեղեկացրեց, որ մի քանի տարի արդեն աշխատում են Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանների եւ համայնքային իշխանությունների հետ՝ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար։ «Չեմ կարող ասել, որ բոլոր ծրագրերը հաջողությամբ են ավարտվում, բայց, ընդհանուր առմամբ, ծրագրերի 80 տոկոսը դրական արդյունք են տալիս»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կցանկանային ավելի լավ արդյունք տեսնել, որովհետեւ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքում ծախսվում են Գերմանիայի հարկ վճարողների գումարները։ Ըստ նրա՝ Գերմանիայի կառավարությունը որոշել է Հայաստանին եւս 100 մլն եվրո տրամադրել՝ վարկային միջոցների եւ դրամաշնորհի տեսքով։