Այսօր ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն արտահայտելով հայ-թուրքական հարաբերության կարգավորման եւ ԼՂ խնդրի բանակցային գործընթացի առկա վիճակի կապակցությամբ, իրավիճակը փոխելու համար պահանջել է Հայաստանի ԱԳ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:
«Ներքին ու արտաքին քարոզչության մեջ արտգործնախարարության գործունեությունը մնում է խիստ անբավարար»,- նշում են հայտարարության հեղինակներն ու ընդգծում. «Ակնկալում ենք, որ Հայաստանի նախագահը չի ստորագրի երկու հանրաքվեների միջոցով Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտված կամքը անտեսող որեւէ փաստաթուղթ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցությունների մեջ իբրեւ լիիրավ կողմ վերադարձնելու ուղղությամբ: Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք վերաիմաստավորել եւ վերանայման ենթարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, եւ նոր էջ բացել: Դեռեւս կա այդ հնարավորությունը: Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացած բացասական հետեւանքները վերացնելու եւ ազգային ու պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը»:



























