News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային մեծ ժողով այցելած հայ եւ թուրք լրագրողների խումբը հանդիպել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանի հետ:

Ինչպես Անկարայից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպման ժամանակ Հասիփ Քափլանը նշեց, որ իրենց կուսակցության օրակարգում շտապես մնում է Թուրքիայում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը: Նա ցավով շեշտեց, որ վերջին խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցությունը հայ թեկնածու չներկայացրեց, քանի որ խորհրդարանում իրենց պատգամավորների մեծ թիվ էր անհրաժեշտ, կուսակցությունը որոշեց այս անգամ չգնալ ռիսկի՝ներկայացնելով հայ թեկնածուի:

«Շրնաքում հայերն ու քրդերին իրարից տարբերելը շատ դժվար է եղել: Նրանք նման են եղել իրենց մշակույթով, ավանդույթներով եւ կենցաղով: Միայն աղոթելու ժամանակ էիր հասկանում, թե ով է հայ եւ ով՝ քուրդ, քանի որ հայը գնում էր եկեղեցի, իսկ քուրդը՝ մզկիթ:

Հուսով եմ՝ այս թերությունը հաջորդ ընտրությունների ժամանակ կշտկենք եւ խորհրդարան կմտցնենք հայ պատգամավոր: Ցանկանում ենք նաեւ մեր կուսակցության աջակցությամբ պատգամավոր դարձնել նաեւ ազգային եւ կրոնական մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Բացի այդ, Ստամբուլի հայ համայնքում  քաղաքականությամբ զբաղվել ցանկացողները քիչ են»,-նշեց Հասիփ Քափլանը:

Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտման օրինագծի հետ կապված Հասիփ Քափլանը նշեց, որ այդ ժամանակ Թուրքիայի խորհրդարանական մյուս 3 կուսակցությունները հակաֆրանսիական համատեղ փաստաթուղթ էին պատրաստել, որի տակ քրդական կուսակցությունը հրաժարվել է ստորագրել:

«Ժամանակին մեր պապերը սխալներ են թույլ տվել: Ես հրաժարվեցի ստորագրել այդ փաստաթղթի տակ, քանի որ այնտեղ խեղաթյուրված էին պատմական փաստերը: Եւ առանց մեր ստորագրությամբ փաստաթուղթը կորցրեց ամբողջ խորհրդարանի տեսակետը ներկայացնելու հնարավորությունը եւ խորհդարանի նախագահի կողմից պարզապես ընթերցվել եւ դեն է նետվել»,-ասաց Քափլանը՝ հավելելով, որ բացի համատեղ փաստաթղթից, իշխող «Արդարություն եւ զարգացում»  ու «Ազգայնական շարժում» կուսակցություններն առանձին եւս փաստաթուղթ էին ներկայացրել, որտեղ իշխող կուսակցության փաստաթղթի բովանդակությունը հազար անգամ ավելի խիստ էր ազգայնականների ներկայացրածից:

Այն հարցին, թե ինչ է մտածում քուրդ գործիչը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Քափլանն ընդգծեց, որ իրենք 2007-ից խորհրդարանում են եւ տեսնում են, որ Հայաստանի հետ քաղաքական կապերը չափազանց թույլ են:

«Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններին, պետք է ասել, որ Էրդողանի ձեռքն ինչին դիպչում է, չորանում են, խորտակվում են: Դա վերաբերվում է թե քրդական հարցի, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Էրդողանի իշխանության օրոք ոչ մի դրական բան չենք տեսնում: Միայն թշնամություն քրդերի եւ ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»,-նշեց Քափլանը:

Հայ լրագրողի այն դիտարկմանը, թե այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար պատրաստվում են օրինագիծ ներկայացնել՝  Թուրքիայում ապրիլի 24-ը հայտարարել հայերի ցավերի եւ վշտերը կիսելու սգո օր, հասարակությունից ինչպիսի արձագանք են ստացել, Հասիփ Քափլանը շեշտեց, թե Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունից խոսելը շատ ռիսկային է:

«Միեւնույնն է՝ այդ օրինագիծը ներկայացվի էլ, այն արագ մերժվելու է: Դրա համար մենք Թուրքիայում տեղի ունեցած բոլոր կոտորածները, այդ թվում Դերսիմի ու քուրդ հայտնի անձանց սերիական սպանությունները դատապարտող օրինագիծ ենք պատրաստվում ներկայացնել, որը կլինի առերեսում սեփական պատմության հետ համատեքստում»,-ամփոփեց քրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահը:

Այս տարվա ապրիլի 24-ին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ իրենք խորին հարգանքով հիշատակում են մեծ ողբերգության զոհերի հիշատակը՝ կոչ անելով թուրքական իշխանություններին՝ ներողություն խնդրել մեծ ցավեր վերապրած Անատոլիայի եւ Միջագետքի ժողովուրդներից:

«Թուրքիան հասարակության խղճի մաքրման համար դեռեւս չի առերեսվել պատմական ողբերգության հետ եւ հաշվի չի նստել իր սեփական պատմության հետ եւ ներողություն չի խնդրել հայ ժողովրդից»,-նշվել էր հայտարարության մեջ:

Բացի այդ, նույն կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը Թուրքիայի խորհրդարանում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե 1915-ին հայերի մեծ կոտորած է տեղի ունեցել, որը աշխարհի բոլոր լեզուներով էլ ցեղասպանություն է կոչվում։ Օնդերը նշել էր, թե «Ժողովրդի դեմոկրատական կոնգրես»-ի անդամ պատգամավորների հետ պատրաստվում են Թուրքիայի խորհրդարանին առաջարկել՝ ապրիլի 24-ը հայտարարել հայերի սուգը եւ ցավերը կիսելու օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ