Հրանտ Դինքի ծննդավայրում՝ Մալաթիայի Չավուշօղլու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգման գումարն արդեն դուրս է գրվել Մալաթիայի նահանգապետարանի հատուկ վարչության կողմից:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Մալաթիայի նահանգապետարանի խորհրդի որոշմամբ` գումար է հատկացվել Մալաթիայի Սուրբ Երրորդություն (Թաշհորոն) եկեղեցու եւ վերանորոգման կարիք ունեցող մի շարք այլ կառույցների համար: Որոշման մեջ չի նշվել, թե ինչ գումար է հատկացվել եկեղեցու վերանորոգման համար:
Նշենք, որ Մալաթիայի Սուրբ Երրորդությունը գործել է մինչեւ 1915-ը, որից հետո մինչեւ 1940-ը եղել է զինվորական պահեստ, այնուհետ մատնվել բախտի քմահաճույքին:
Եկեղեցու վերանորոգման անհրաժեշտության մասին դեռեւս 2002-ին բարձրաձայնել էր Հրանտ Դինքը: 2010-ին եկեղեցին վերանորգելու ցանկություն էր հայտնել «Թեփեբաշը» մզկիթներ կառուցող հիմնադրամը, որը վերանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու դիմումն ուղարկել էր Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, սակայն ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով ծրագիրը չի իրականացվել:
Մոտ մեկ տարի տեւած նախագծային աշխատանքներից հետո Մալաթիայի նահանգապետարանը եկեղեցու վերանորոգման նախագիծը հաստատման համար 2012-ի փետրվարին ներկայացրել է Սվասի (Սեբաստիա) մշակույթային արժեքների պահպանության շրջանային խորհուրդ եւ ստացել դրական պատասխան: Նախագծի՝ հավանության արժանանալուց հետո Մաշակույթի եւ տուրիզմի նախարարությունը միջոցներ է հատկացրել եկեղեցու վերականգնման համար՝ այն գրանցելով վերանորգման անհրաժեշտ շինությունների ցանկում: