Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանի՝ 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանին հարվածելու դեպքի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով քննիչ Վարդան Ղազարյանը:
Նա նշեց, որ հաղորդումը ոստիկանությունը ստացել էր հուլիսի 17-ին, այն իրենց մոտ ուղարկվել է օգոստոսի 2-ին: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը, սակայն, չի բավարարել քննիչին, եւ նա նշանակել է հանձնաժողովային փորձաքննություն: Այս փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո էլ կորոշվի նյութերի հետագա ընթացքը:
Նախապատրաստվող նյութերի շրջանակում ավելի քան 30 մարդ է հարցաքննվել, սակայն թե ինչ է պարզել մինչ այժմ քննությունը, քննիչը չցանկացավ ասել՝ պատճառաբանելով, որ դա նախաքննական գաղտնիք է: Ամեն դեպքում, նա խոստացավ հանձնաժողովային փորձաքննոթյան եզրակացությունից հետո որոշ մանրամասներ հայտնել գործից:
Ավելի վաղ Գեւորգ Սարուխանյանի մայրը` Գայանեն մեզ հետ զրույցում պատմել էր, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հարվածի հետեւանքով 6-րդ դասարանի աշակերտը կորցրել է տեսողությունը 90 տոկոսով, եւ այն այլեւս ենթակա չէ բուժման: Այս ամենը հերքել էին ուսուցչուհու ամուսինը եւ փաստաբանը:





























