Բրազիլիայի նախագահի նախկին թեկնածու, սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն հայտարարել է, որ մեկնել է ԱՄՆ՝ հայրենիքում քաղաքական հետապնդումից խուսափելու համար, հաղորդում է AFP-ն։
Սենատորը, որը կիրակի կայացած ընտրությունների երկրորդ փուլում պարտվել էր նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, երեքշաբթի գաղտնի լքել է երկիրը և չորեքշաբթի մասնավոր ինքնաթիռով ժամանել Ֆլորիդա՝ նախապես այցելելով Արգենտինա և Էկվադոր։
«Հետապնդումը սկսվեց նույնիսկ ավելի շուտ, քան ես ենթադրում էի», — հայտարարել է Բոլսոնարուն Instagram-ի ուղիղ եթերում։ Նրա խոսքով՝ հեռանալու որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ իմացել է փողերի լվացման գործի քննության շրջանակում իր բրազիլական անձնագրերն անվավեր ճանաչելու մասին։
Սենատորը պատմել է, որ երկուշաբթի ոստիկանությունն իրեն հայտնել է փաստաթղթերն անվավեր ճանաչելու մասին, երբ ինքը վերադառնում էր տնային կալանքի տակ գտնվող հորը՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին այցելելուց հետո։ Ֆլավիո Բոլսոնարուի խոսքով՝ հայրն արցունքն աչքերին հարցրել է՝ արդյոք նա հասկանում է, թե ուր է տանում այս ամենը։ Սենատորը պատասխանել է, որ այժմ գիտի՝ ինչ պետք է անի։
Նա չի բացահայտել իր հեռանալու մանրամասները՝ նշելով միայն, որ որոշումը կայացրել է կնոջ հետ՝ առանց որևէ մեկին տեղյակ պահելու։ Միաժամանակ Բոլսոնարուն կոչ է արել տեղի ունեցածի համար չմեղադրել այլ մարդկանց։
Սենատորի հեռանալը հարցեր է առաջացրել ԱՄՆ-ի և Արգենտինայի հնարավոր դերի վերաբերյալ։ Այդ երկրների նախագահները՝ Դոնալդ Թրամփը և Խավիեր Միլեյը, հայտնվել են ճնշման տակ․ նրանցից պահանջում են բացատրել, թե ինչ օգնություն կարող էին ցուցաբերել Բոլսոնարուին։
Սենատորը նաև մեղադրել է Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորաիսին իր դեմ կեղծ մեղադրանքներ առաջադրելու մեջ։ Բացի այդ, նա կասկածի տակ է դրել ընտրությունների երկրորդ փուլի արդարությունը՝ ենթադրյալ խախտումները համեմատելով ֆուտբոլում ձեռքով խփված գոլերի հետ, որոնք չեն չեղարկվել տեսաօգնության VAR համակարգի միջոցով։ Սակայն իր պնդումները հաստատող կոնկրետ ապացույցներ նա չի ներկայացրել։
Բոլսոնարուն Լուլա դա Սիլվայի հետագա կառավարման դեպքում տնտեսական փլուզում է կանխատեսել և հայտարարել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե 2030 թվականի ընտրությունների, այլ ավելի վաղ ժամկետի մասին է։




























