«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի մեքենայի՝ հրդեհի ենթարկվելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ փորձագետների եզրակացությունից հետո կորոշվի նյութերի ընթացքը, բայց ինքը հետամուտ է լինելու իրականությունը պարզելու եւ մեքենայի հրդեհի բռնկվելու պատճառները պարզելու համար:
Նախագահի նախկին թեկնածուն տեղեկացրեց, որ փորձագետները նմուշներ են վերցրել մեքենայից՝ փորձաքննություն անցկացնելու համար, հավանաբար առաջիկա օրերին պարզ կլինի դրա պատասխանը:
Փորձագետներից կողմից մեկ վարկած եւս շրջանառվում է՝ մեքենան այրվել է էլեկտրական լարերի խափանման արդյունքում: Ինքը՝ Արամ Հարությունյանը չի շտապում կարծիք հայտնել՝ նշելով, որ կսպասի փորձաքննության եզրակացությանը:
Նախագահի նախկին թեկնածուն այժմ շրջում է առանց մեքենայի, օգտվելով առիթից զբոսնում է, կամ էլ ընկերներն են տանում-բերում: Կուսակցության ղեկավարը չի պատրաստվում հրաժարվել 4 անգամ նախագահական ընտրություններին մասնակցած «խերով» մեքենայից, եւ տրամադրված է վճռական՝ կվերանորոգի մեքենան եւ կօգտագործի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի «Գազ 31-10» մեքենան սեպտեմբերի 25-ին, հրդեհվել է։ Հրշեջ-տեսուչը ասել էր, թե մեքենան հրդեհվել է ինչ-որ մեկի միջամտության արդյունքում:



























