Մետրոյի «Բարեկամություն» կայարանում այսօր՝ դեկտեմբերի 30-ին, թռուցիկներ բաժանող 14-ամյա Շահեն Հարությունյանին է մոտեցել 40-50 տարեկան մի տղամարդ եւ պահանջել դադարեցնել թռուցիկների բաժանումը։ Լսելով Շահենի մերժումը՝ նա 14-ամյա տղայի վզից բռնելով ստիպել է գետնին ընկած թուղթը ուտել։ Հավաքվածները հազիվ են Շահենին ազատել այդ մարդու ձեռքերից։ Այս մասին NEWS.am-ին պատմեց քաղաքացիական ակտիվիստ Մարիա Հովսեփյանը, որն այսօր Շահենի հետ մետրոյի կայարանում մարդկանց իրազեկում էր հունվարի 1-ին կայանալիք ակցիայի մասին։
«Մենք Բարեկամություն մետրոյից արդեն դուրս էինք գալիս, երբ մեզ մոտեցավ քաղաքացիական հագուստով մի տղամարդ, ներկայացավ Աշոտ անունով ու սկսեց կարգադրություններ տալ, որ դուրս գանք մետրոյից, սկսեց հայհոյել Շահենին ու ձեռք բարձրացնել վերջինիս վրա»։
Մարիայի խոսքով՝ իրենց միջամտելուց հետո միայն այդ տղամարդը բաց է թողել Շահենին՝ հրամայելով ոստիկաններին տանել նրան. «Ու արդեն մեզ համար լրիվ պարզ դարձավ, որ այդ տղամարդը ոստիկան է։ Եթե չխառնվեինք, տալու էր երեխուն սպաներ»։
NEWS.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի որդին պատմեց, որ մինչեւ թռուցիկներ բաժանելը՝ իրենց մոտեցել են ոստիկաններ ու խորհուրդ տվել հեռանալ կայարանից։ Շահենի այն դիտարկմանը, թե իրենք իրավունք ունեն մարդկանց իրազեկել, ոստիկանները հեռացել են, սակայն արդեն մուտքի մոտ հանդիպել Աշոտ ներկայացած անձին. «Անդուր, եզի պես մարդ էր։ Հրմշտելով ինձ դուրս հանեց մետրոյից, ձեռքերս ոլորեց, վզիցս բռնեց, պառկացրեց գետնին ու ասաց, որ թուղթը ուտեմ»,- ասաց Շահենը։
Նրա խոսքով՝ սա արդեն երկրորդ դեպքն է, որ բռնությամբ փորձում են խոչընդոտել իր գործողություններին, սակայն իրենց դա չի վախեցնում։ Շահենն ու ընկերները շարունակելու են թռուցիկներ բաժանել նաեւ վաղը, իսկ հունվարի 1-ի ակցիան անփոփոխ է. Գարեգին Նժդեհի ծննդյան օրը նրանք ակցիան կանցկացնեն՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի։




























