ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տհաճ խոսակցությունը անցած էտապ է: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Լրագրողների խնդրանքով նա, որպես «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, պատասխանել է ներքաղաքական մի շարք հարցերի:

Հարցին՝ ճիշտ է արդյոք, որ նրանց հաշտեցրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Բաղդասարյանը պատասխանել է. «Մեզ ոչ ոք չի հաշտեցրել: Պարզապես մենք խոսակցություն ունեցանք, որն ավարտվեց: Մենք վաղուց ենք ճանաչում իրար: Որպես քաղաքական ուժերի առաջնորդներ՝ մենք երկար ժամանակ քաղաքական դաշնակիցներ էինք իշխող կոալիցիայում: Վերջապես, մենք մի սեղանի շուրջ էինք նստում: Այնպես որ, անդառնալի ոչինչ չի եղել», - հայտարարել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, թե Բաղդասարյանի եւ Ծառուկյանի միջեւ 2013թ. հոկտեմբերին տհաճ խոսակցություն էր տեղի ունեցել, երբ նրանք «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելիս էին եղել նախագահ Սերժ Սարգսյանին: