News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանը Թբիլիսիի կենտրոնական դատարանում խաբել է՝ ասելով, թե  այս  ընթացքում մահացել են իր ծնողները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը:

«Ինքը այստեղ էր, երբ ծնողները մահացել են, ներկա է եղել ծնողների մահվանը, տարին արդեն լրացել է, երկրորդ տարին է պտտում, տարին էլ արել է, ես էլ եմ մասնակցել ծնողների թաղմանը, Կճոյանն էլ կար, պաշտոնյանները, այդ թվում՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եկել են, մասնակցել պանիխիդային: Առաջին անգամ իր հորն ու մորն են տարել դրել Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սուտ է ասել, խաբել է. չնայած նա էնքան կեղտոտ մարդ է, որ ծնողը նրա համար ի՞նչ է»,- ասաց գործարարը:

Ինչ վերաբերում է Աշոտ Սուքիասյանի կնոջ սպառնալից նամակներ ստանալուն, ապա Փայլակ Հայրապետյանը նշեց, որ նրա կնոջը մի անգամ է տեսել, որեւէ կապ չունի եւ չի էլ ուզում ունենալ իր հետ: Նա չգիտի, թե վերջապես Աշոտ Սուքիասյանը երբ կլինիՀայաստանում, նախաքննական մարմնից եւս որեւէ բան չեն հայտնել: «Եթե մի երկրում օրենք չի գործում,  ի՞նչ կարող ես ասես, ես չգիտեմ, Վրաստանի օրենքներից էլ տեղեկություն չունեմ: Մենակ կարող եմ ասել, որ սա պետություն չի, խուլիգանություն է, ես էլ հայրենասիրության պատճառով ընկել եմ խուլիգանների ձեռքը, ես  միշտ խուսափել եմ միլիցայից, օրենքից միշտ վախեցել եմ, իսկ էսօր էսպես է ամեն ինչ»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել է հունվարի վերջին Թբիլիսիում: Hetq.am-ը հաղորդում է, որ Թբիլիսիի կենտրոնական դատարանն ապրիլի 15-ին բավարարել է օֆշորային սկանդալում ներգրավված , գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը:  Դատական նիստը տեւել է 1 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել գործարար Աշոտ Սուքիասյանը եւ խնդրել է իրեն արագ տեղափոխել Երեւան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում: Աշոտ Սուքիասյանի արտահանձնման օրը դեռեւս հայտնի չէ:

Ըստ Վրաստանում գործող օրենսդրության՝ Աշոտ Սուքիասյանը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող է մնալ Վրաստանում բանտարկված երեք ամիս:  Ապրիլին լրանում է նրա բանտարկության երեք ամիսը, եւ եթե մինչեւ ապրիլի վերջ Աշոտ Սուքիասյանին չտեղափոխեն ՀՀ  (փաստաթղթերի ոչ պատրաստ լինելու պատճառով), ապա նրա փաստաբանը կարող է դիմել պատկան մարմիններին՝ խնդրելով հնարավորություն տալ Աշոտ Սուքիասյանին եւս երեք ամիս գտնվել Վրաստանում: Այդ երեք ամիսների ընթացքում  հնարավորություն կտրվի ամբողջական տեսքի բերել Ա. Սուքիասյանի փաստաթղթերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ