Գյումրու  «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում  ծննաբերելիս մահացած  38-ամյա Կարինե Պապանյանի դին, ըստ NEWS.am-ի աղբյուրների, երկրորդ անգամ է տարվել Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա փորձաքննության: Թե ինչ տիպի փորձաքննության է ենթարկվել մահացածի դին, լաբորատորիայի տնօրեն Աշոտ Շահբազյանը հրաժարվեց ասել, միայն ասաց, որ դին իրենց մոտ տեղափոխել են իրավապահ մարմինները:

«Ցանկացած մահացածի դի կարող է 17 անգամ էլ փորձաքննության ենթարկվել, դրանում ոչինչ չկա, այլ հարցերով դիմեք այլ պատասխանատուներին»,- ասաց Աշոտ Շահբազյանը:

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում պատասխանատուները դեպքի մասին խուսափում են որեւէ բան ասել։

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը NEWS.am-ին ասաց, որ նյութերի նախապատրաստումը դեռ շարունակվում է, փորձաքննության արդյունքները պարզ լինելուց հետո միայն կարելի է խոսել գործ հարուցելու կամ չհարուցելու մասին։

«Մենք լսել ենք կողմերի կարծիքները, այժմ փորձում ենք հասկանալ՝ որն է եղել մահվան իրական պատճառը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երկու անչափահաս երեխաների մոր՝ Կարինեի ախտորոշումն է 41-42 շաբաթական հղիություն, երրորդ աստիճանի ճարպակալում, ծննդաբերության առաջին շրջան, պտղաջրերի վաղ արտահոսք, մահվան հավանական պատճառն է հարպտղաջրային էմբոլիան։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր,  պտղաջրային էմբոլիան առաջանում է հենց ծննդաբերության պահին, եւ հնարավոր չէ կանխատեսել կամ կանխարգելել այն։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։