ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մահվան գործով ձերբակալված Վոլոդյա Բաբիկյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Վոլոդյա Բաբիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով, անզգուշությամբ մարդու մահ պատճառելը:

Նշենք, որ Վոլոդյան եւ Դերենիկը մտերիմ ընկերներ են եղել, մահացած զինվորի հարազատները համոզված են, որ պատահականություն է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը  հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը: