Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քիչ առաջ աղուհացով դիմավորեցին Գորիսի Զանգեր կոչվող տարածքում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեծ թվով գորիսեցիներ էին հավաքվել Զանգերի մոտ, բավականին բարձր տրամադրությամբ դիմավորել Սուրիկ Խաչատրյանին եւ ճանապարհել Կապան, որտեղ ժամը 16:30-ին նրան դիմավորելու են գյուղապետերն ու քաղաքապետերը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող կառույցներին, այդ թվում՝ նախակրթարաններին, հրահանգել է մեկ մարդու պես այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկայանալ Գորիսի հայտնի Զանգերի մոտ եւ բարձր տրամադրությամբ դիմավորել իրեն

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը նորից մարզպետ է նշանակվել սեպտեմբերի 25-ին կառավարության նիստի ժամանակ:  Նշենք, որ նա աշխատանքից ազատվել էր 2013թ. հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, ինչի հետեւանքով սպանվել էր գնդապետ Ավետիք Բուդաղյանը: Այնուհետեւ նոր մարզպետ էր նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, որն էլ 2014թ. սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝  նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում: