ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 10-ի երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 24-ամյա Տիգրան Սիմոնյանն ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ անմիջապես ծառայության մեկնել Արցախ, Եղնիկներ զորամաս։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրանի հարեւանները պատմեցին, որ զինծառայողը մոր հետ վերջին անգամ խոսել է երկու օր առաջ:
«Կրթված, խելացի, շնորհալի երիտասարդ էր: Ամեն կողմից գովելի ընտանիք է, մայրը բուժքույր է, եղբայրն էլ այժմ ծառայության մեջ է: Դեպքից երկու օր առաջ մոր հետ երկու անգամ ընդհատումով խոսել է եւ հետո էլ էս դեպքը պատահեց»,- ասաց հարեւաններից մեկը՝ նշելով, որ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել:
Տիգրանի հայրը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ երեկոյան կարծես ինչ-որ բան են կանխազգացել, անընդհատ զանգահարել են որդուն, բայց հեռախոսն անջատված է եղել։ Այսօր առավոտյան իմացել են, որ մահացել է։
Տեղեկանալով, որ Տիգրանում մարտական հենակետում է մահացել, Տիգրանի ծնողները սկզբում կարծել են, թե հակառակորդի գնդակից է զոհվել, ու զարմացել են, երբ իմացել են, որ դա այդպես չէ։
Տիգրանը տան ավագ որդին է, նրա կրտսեր եղբայրն այժմ պարտադիր զինծառայություն է անցնում։
Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր մանրամասները։




























