News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի 2015 թվականի ուսումնական պատրաստության պլանի համաձայն` մայիսի 20-ից 23-ը ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվել է «Լավագույն գումարտակային ականանետային դասակ» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցող դասակներն իրենց ունակություններն են դրսեւորել մարտական հրաձգություն, կրակային խնդիրների կատարման եւ ֆիզիկական պատրաստություն վարժություններում: Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում մրցույթին մասնակցել են նաեւ պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Ամենամյա մրցույթն անցկացվել է 3 փուլով: Երրորդ՝ եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի լավագույն ականանետային դասակներից ձեւավորված 6 թիմեր, յուրաքանչյուր թիմում` 10-ական զինծառայող: Մրցաշարն առաջին անգամ անցկացվում էր կենտրոնացված տարբերակով, եւ մասնակիցները մրցույթին մեծ պատասխանատվությամբ են մոտեցել:

Մասնակից դասակների միջեւ ծավալվել է անզիջում պայքար: Նախ` ստուգվել են մասնակիցների ֆիզիկական կարողությունները, այնուհետեւ ականանետային դասակները մասնագիտական պատրաստության նորմացույցներ են հանձնել: Ստուգվել են նաեւ մարտական հրաձգության նրանց ունակություները:

Լավագույն ականանետային դասակին ընտրելու համար ձեւավորվել էր հանձնաժողով, որի նախագահ, փոխգնդապետ Պավել Թոփչյանի խոսքերով` նախորդ տարիների համեմատ բարձրացել է դասակների մարտավարամասնագիտական պատրաստության մակարդակը, կատարելագործվել են մարտական հրաձգությամբ կրակային խնդիրների կատարման եւ կրակի կառավարման հմտությունները:

Երեք օր տեւած համաբանակային մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել պաշտպանության բանակի մոտոհրաձգային գումարտակի ականանետային դասակը: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ եւ 2-րդ բանակային զորամիավորումների ներկայացուցիչները:  Մրցանակային տեղեր զբաղեցրած դասակները ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով պարգեւատրվել են պատվոգրերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ