Արարատի մարզի Բաղրամյանի գյուղապետարանը պնդում է, որ դպրոցականները թունավորվել են, քանի որ սնունդ մատակարարող «Սարգսյան Գոհար» ԱՁ-ի աշխատակիցը հացի մեջ աղի փոխարեն շաքարավազ է օգտագործել:
«Այդ պատճառով էլ երեխաներն ասում էին, որ քաղցր հոթ-դոգ են իրենց տվել: Հենց շաքարավազն էլ եղել է թունավորման պատճառը: Փառք Աստծո, հիմա երեխաները լավ են, բոլորն էլ դուրս են գրվել եւ տուն գնացել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին գյուղապետարանի աշխատակիցները:
Սննդի անվտանգության պետական ծառայությունից, սակայն, NEWS.am-ին հայտնեցին, որ քիչ հավանական է՝ թունավորումը շաքարից լինի:
«Շաքարից չի կարող նման բան լինել: Քիչ հավանական է, որ աղի տեղը շաքար լցրած լինեն ու թունավորում լինի, շաքարը քաղցր բան է, շաքարից ի՞նչ պետք է լինի: Բոլոր նմուշառումները արել ենք, պատասխանը լինի, ստույգ կասենք»,-ասաց մասնագետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10-ին Արարատի մարզում զանգվածային թունավորում էր տեղի ունեցել. Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականներ տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել էին դպրոցի ճաշարաններում մատակարարվող սննդից: Պարզվել էր, որ այդ դպրոցներին սնունդ է մատակարարում միեւնույն ընկերությունը:
Թունավորման դեպքի հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:



























