Եթե 2013 թ. ապրիլին «մինչեւ վերջ գնալու» որոշում կայացվեր, ապա դա արյունահեղության կհանգեցներ ու հաջորդ օրը 10-20 թաղում կլիներ: Այս մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող հանրային փրկության խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ինքը որոշեց մինչեւ վերջ չգնալ 2.5 տարի առաջ, երբ ժողովուրդը փողոց դուրս եկավ նախագահական ընտրություններից հետո:

«Իսկ ի՞նչ է նշանակում մինչեւ վերջ գնալ: Եթե որեւէ սադրիչ մարդ քաղաքացու մեջքի հետեւից սպանի ոստիկանին, որեւէ «Ալֆա» խումբ՝ հայկական կամ օտարերկրյա կհարձակվի քաղաքացու վրա, ու այդ ամենը առանց քաաղքական արդյունքի՝ հենց դա է մինչեւ վերջ գնալը»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես նույնպես ուզում եմ իշխանափոխություն, բայց խաղաղ ճանապարհով: Նոր հուղարկավորություններ ես չեմ ուզում: Եթե պետք է արյուն հեղվեր, ու ստիպված լինեինք դիմակայել դիպուկահարներին կամ քրեական դեմքերին, որոնք կանգնած էին ոստիկանների մեջքին, ապա պետք է փորձեինք քաղաքկաան արդյունքի հասնել նվազագույն արյունով»,- հավելել է նա:

Նրա խոսքով, այդ օրը՝ ապրիլի 9-ին, ինքը հասկացել էր, որ քիչ արյունով հարցը չէր լուծվի, ու հաջորդ օրը Հայաստանում տանսյակ թաղումներ կլինեին, որոնք կմնային իր խղճի վրա ու ոչ մի լավ բանի չէին հանգեցնի: Հենց այդ պատճառով էլ նա վարվել է այնպես, ինչպես վարվել է:

«Ավելի լավ է թող ինձ քննադատեն ու անիծեն, քան այդ օրը մենք 10-20 թաղում ունենայինք»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը: