Լիտվայի Սեյմը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությանը, որով հանվում է երկրում զանգվածային ոչնչացման զենքի (այդ թվում՝ միջուկային) և օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման արգելքը, հայտնում է LRT-ն։ Նախագծին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 13-ը, իսկ 5-ը ձեռնպահ են մնացել։

Սահմանադրական փոփոխությունն ընդունելու համար դեռ երկու քվեարկություն է անհրաժեշտ․ առաջինը նախատեսված է հոկտեմբերի 6-ին, իսկ վերջնականը՝ 2027 թվականի հունվարի 12-ին։ Նախագծի ընդունման համար պահանջվում է 141 պատգամավորներից առնվազն 94-ի աջակցությունը։

«Հայրենիքի միություն — Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Լիտվայի ազգային պաշտպանության նախկին նախարար Լաուրինաս Կասչյունասը հայտարարել է, որ միջուկային զենքը Ռուսաստանին զսպելու ամենաարդյունավետ միջոցներից է․ «Ռուսները չեն հարձակվում ուժեղների վրա… Մենք տարածաշրջանում միակ երկիրն ենք, որն ունի այս սահմանափակումը։ Լատվիացիները չունեն, էստոնացիները չունեն, լեհերը չունեն, իսկ ֆիններն էլ նոր են ազատվել դրանից»։ Հունիսին Ֆինլանդիայի խորհրդարանը չեղարկել էր միջուկային զենքի ներկրման, տարանցման և պահպանման արգելքը, եթե դա պահանջվում է ազգային պաշտպանության կարիքների համար։

Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սոցիալ-դեմոկրատ Ռեմիգիյուս Մոտուզասն նույնպես ընդգծել է, որ Լիտվան չպետք է խոչընդոտներ ստեղծի Ռուսաստանի միջուկային զսպման համար և դառնա տարածաշրջանում ՆԱՏՕ-ի թույլ օղակը։ Նրա կարծիքով՝ Սահմանադրության փոփոխությունը կլինի ամենաուժեղ ազդակներից մեկը, որը կնվազեցնի հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ռիսկը։

ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներում միջուկային զենք տեղակայելու շուրջ քննարկումները թեժացել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած՝ միջուկային զսպման եվրոպական նոր մոդելի ֆոնին, որը ներկայացվել էր մարտին։ Գաղափարն այն է, որ դաշնակիցները կարող են ժամանակավորապես իրենց տարածքում տեղակայել ֆրանսիական Rafale ռազմավարական կործանիչներն ու դրանց համար օդային տարածք տրամադրել։

Լիտվայի իշխանությունները հունիսին հաստատել էին, որ բանակցություններ են վարում իրենց տարածքում միջուկային զենք տեղակայելու շուրջ։ Financial Times-ը գրել էր, որ խոսքն ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների մասին է։ Ի պատասխան՝ Կրեմլից սպառնացել են միջուկային մարտագլխիկներն ուղղել դեպի Լիտվա։