ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» պանելային քննարկմանը։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են էկոնոիմիկայի նախարարությունից:
Նախարարը ներկայացրել է բժշկական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով երեք կարևոր ուղղություն.
Հայաստանի միջազգային հասանելիության ընդլայնում՝ օդային կապերի զարգացում և վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցում, բժշկական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում՝ սարքավորումների ձեռքբերման և հյուրանոցների ու առողջարանների կառուցման ու վերանորոգման աջակցության ծրագրերի միջոցով, մարզերում զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորում՝ TRIP ծրագրի շրջանակում նախատեսվող 7 զբոսաշրջային կլաստերների միջոցով, այդ թվում՝ բժշկական զբոսաշրջության ուղղությամբ։
Գևորգ Պապոյանը նշել է, որ բժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է ոչ միայն առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման, այլև Հայաստանի տնտեսության համար՝ ստեղծելով նոր ներդրումների, ծառայությունների արտահանման, աշխատատեղերի և տնտեսական զարգացման այլ հնարավորություններ։
Պանելային քննարկման մյուս բանախոսներն էին Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավարի Սիդհարտա Սանկար Դատան։





























