ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ընթացքում նախատեսում է անդրադառնալ Իրանի դեմ պատերազմին, Գազայում խաղաղության հաստատման 20 կետից բաղկացած իր ծրագրի ընթացքին, ինչպես նաև վարչակազմի կողմից մշակվող խաղաղության համաձայնագրերին։ NBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլթցը։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Թրամփն առանձնակի ընդգծելու է Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը թույլ չտալու անհրաժեշտությունը։ Ուոլթցը նաև հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարը կներկայացնի իր վարչակազմի արտաքին քաղաքական նախաձեռնություններն ու վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը։
Թրամփի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 22-ի առավոտյան՝ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Այն տեղի կունենա Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում, որը մեկնարկում է երեքշաբթի օրը և կտևի մինչև սեպտեմբերի 28-ը։ Գլխավոր ասամբլեայի նիստերը ՄԱԿ-ը հեռարձակում է ուղիղ եթերով։
Իրանի հետ պատերազմը դառնալու է Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի առանցքային թեմաներից մեկը։ Նիստերի շրջանակում Թրամփը հանդիպումներ կունենա նաև աշխարհի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ։ Ակնկալվում է, որ բանակցությունների առանցքում կլինեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային անկայունությունը և Հորմուզի նեղուցով նավարկության հարցերը։
Թրամփը մտադիր է ներկայացնել նաև Գազայի վերաբերյալ 20 կետից բաղկացած իր ծրագրի իրագործման առաջընթացը։ Մերձավոր Արևելքից զատ՝ նրա ելույթի օրակարգում կլինեն միջազգային այլ հակամարտություններ և ՄԱԿ-ի բարեփոխման հարցեր։
Թրամփի համար սա կլինի առաջին ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Անցյալ տարի նրա ելույթը տևել էր գրեթե մեկ ժամ և նվիրված էր, մասնավորապես, միջազգային միգրացիային, կլիմայական քաղաքականությանը և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը։




























