Սաուդյան Արաբիայում փորձարկում են սեպտեմբերի 10-ին վնասված «Արևելք-Արևմուտք» նավթամուղը։ Սեպտեմբերի 22-ին այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ աշխատանքներն իրականացվում են խողովակաշարն այս շաբաթ գործարկելու նախապատրաստության շրջանակում։

Աղբյուրը հավելել է, որ Էր Ռիադը հույս ունի նաև մինչև շաբաթվա վերջ վերականգնել նավթի բարձումը Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգստից։

Սաուդյան Արաբիայում «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը դադարեցվել էր սեպտեմբերի 11-ին՝ մի շարք հարձակումներից հետո՝ որպես անվտանգության նախազգուշական միջոց։ Նավթի խոշորագույն համաշխարհային արտահանողն այս երթուղով օրական մոտ 4 միլիոն բարել նավթ էր ուղղում դեպի Կարմիր ծովի Յանբու նավահանգիստ, ինչը կազմում է համաշխարհային մատակարարումների շուրջ 4%-ը։