News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում պաշտոնապես բացվել է Երեւան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Լիոնի քաղաքապետ  Ժերար Կոլոմբը կտրելով կարմիր ժապավենը, ազդարարել են Երեւանում Լիոնի այգու գործունեության նոր տարեգրությունը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում «Լիոնի այգու» հիմնումը Երեւանի եւ Լիոնի քաղաքապետարանների միջեւ կնքած 2008–2011թթ.-ի համագործակցության ծրագրի շրջանակում է իրականացվել: Այգու հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2010թ-ից:

«Այս այգին համագործակցության շատ լավ օրինակ է: Ես վստահ եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը եւ վստահության ու ընկերության այն մթնոլորտը, որ ձեւավորվել է Լիոնի քաղաքապետարանի եւ Երեւանի միջեւ` ստեղծում է բոլոր նախադրյալները, որպեսզի մեր համագործակցությունը լինի ավելի արդյունավետ եւ երկարատեւ»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Լիոնի քաղաքապետն էլ իր հերթին նշել է, որ այգու բացումով սկիզբ կդրվի համատեղ նորանոր ծրագրերի իրականացմանը: «Շատ գեղեցիկ այգի է, հրաշալի վայրում է գտնվում: Այս բացումը կարծում եմ նոր ծրագրերի սկիզբ կարող է դառնալ: Ֆրանսիացիները շատ են սիրում Հայաստանը եւ այսօր հենց այդ բարեկամական կապերն են, որ ամրապնդվում են»,- նշել է Ժերար Կոլոմբը:

Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը շրջել են այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այգու վերակառուցման ծրագրի համաձայն, տարածքում անցկացվել է արտաքին լուսավորության եւ ոռոգման նոր ցանց, ստեղծվել են սիզամարգեր, տնկվել են ծառեր, հին սալահատակները փոխարինվել են նորերով, կառուցվել են հասարակական զուգարաններ:

Բնակիչների հանգստի համար տեղադրվել են նստարաններ եւ ժամանակակից ոճով զրուցարաններ, իսկ փոքրիկների համար բազմատեսակ մանկական ժամանցային խաղեր:

Այգին երեւանյան ժամանցի նորամուծություն էլ ունի: Այցելուներն այստեղ կարող են իրենց ուժերը փորձել ֆրանսիական հանրահայտ բուլ խաղի ասպարեզում: Առաջին օրինակը երկու քաղաքապետերն են ցույց տվել:

Այնուհետեւ Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը այգու այցելուների հետ դիտել են ջրային ավազանում կազմակերպված սերֆինգի ցուցադրական ելույթները:

Տպել
Ամենաշատ