News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել Արարատ քաղաքում տեղի ունեցած մանկասպանության վերաբերյալ: Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին,  քաղաքացի Ռ.Ալոյանի՝ Արարատ քաղաքում գտնվող  բնակարանում հայտնաբերվել են  նրա որդիների՝ 6-ամյա  Վարդան Ալոյանի եւ 4-ամյա  Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով:

Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը:Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին:

Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց  եւ ավագ որդուն` Վ. Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել:

Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով  սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն` Հ. Ալոյանին: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր  մտադրությունը:

Երեխաներին վերմակով ծածկել է  եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան:Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին եւ ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք մասամբ հրապարակում ենք՝ նկատի ունենալով հասարակական մեծ հնչեղությունը: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել, 1989 թվականին այդ ընթացքում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Հակոբ Թադեւոսյանի կողմից: Ռ.Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել  «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը:

Ամուսնացել է Երեւան քաղաքի բնակիչ Գ.Խ.-ի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին եւ նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, Գ.Խ-ն երբեմն  օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը  ստացել է նաեւ սոցիալական նպաստ: Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական եւ նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ:Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, այդ թվում երեխաների մոր՝ Ռ.Ալոյանի տված ցուցմունքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ