News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 14-ին, այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների եւ Իտալիայի հայ համայնքի հոգեւոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Միաբանության Մայրավանքում նախագահը մոմ է վառել Հայաստանի, հայկական սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հպարտություն եւ մեծ պատիվ է այսօր Մխիթարյան միաբանության անդամների հետ Վենետիկում ազդարարել հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումների սկիզբը:

Նախագահն իր խոսքում բարձր է գնահատել Սուրբ Ղազար կղզում իր հայրենանվեր առաքելությունն իրականացնող Միաբանության նվիրյալների գործունեությունը՝ ընդգծելով որ նրանց շնորհիվ է երկար տարիներ այստեղից «լույս ճառագել», եւ այդ լույսը պետք է տարածել ու դրանից օգտվել: «Մենք չենք կարող համաշխարհային գործընթացներից մեկուսանալ, չենք կարող մեկուսացված ապրել այլ ժողովուրդներից, մենք պարտավոր ենք այս արագ փոփոխվող աշխարհում պահպանելով մեր ինքնությունը, տեղայնացնելով արագ փոփոխվող աշխարհի ընձեռած հնարավորությունները եւ փառք տալով մեր նախնիներին՝ մեր երիտասարդների մեջ ամուր պահել հայկական արմատները: Սա է մեր հիմնական խնդիրը, եւ կարծում եմ, որ հիմա, երբ համայն հայությունն ունի պատմական Հայրենիք, ունի պետականություն, այս խնդիրները շատ ավելի հեշտությամբ կարող են լուծվել»,-ասել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով հայ գրատպության 500-ամյակի միջոցառումներին՝ նախագահը նշել է, որ այս տոնակատարությունը ոչ միայն հարգանքի տուրքն է մեր նախնիներին, այլ նաեւ մեծ եւ լավ հնարավորություն՝ ուրիշներին ցույց տալու մեր արժեքներն ու նաեւ այդ արժեքների նկատմամբ մեր հավատարմությունը:

«Մենք՝ որպես պետություն, որպես մեր ժողովրդի ներկայացուցիչներ, մշտապես պատրաստ ենք օժանդակելու Մխիթարյան միաբանությանը, բոլոր հայկական կազմակերպություններին եւ նրանց, ովքեր իրենց ավանդն են բերում Հայրենիքին եւ հայ-իտալական բարեկամությանը»,-նշել է նախագահը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, շատերին է հետաքրքրում, թե ո՞րն է հայերի առանձնահատկությունը՝ արդյո՞ք աշխարհով մեկ տարածված սփյուռքը: Նախագահի համոզմամբ, հայի առանձնահատկությունն այն է, որ դարերի ընթացքում կարողացել է տեսնել եւ յուրացնել ամենայն առաջավորը: Եվ հենց դրանով է պայմանավորված աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը,  շատ-շատ ժողովուրդներից առաջ այբուբեն, գիր, գրականություն, իսկ տպագրության գյուտից կարճ ժամանակ անց հայատառ գիրք ունենալը: Սերժ Սարգսյանը կարեւորել է նախնիներից եկող ձիրքը, ջիղը երիտասարդներին փոխանցելը, որպեսզի սերնդեսերունդ կարողանան նույն կերպ շարունակել:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Միաբանության խնդիրներին, այդ թվում՝ գրադարանի թվայնացման խնդրին: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ գումարը կհատկացնի Միաբանությանը այդ խնդրի լուծման նպատակով: Նախագահը նշել է, որ արժեքավոր այդ գրադարանի պահպանման լավագույն ձեւը թվայնացումն է, ինչպես արվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում: 

Վենետիկի «Կոռեր» թանգարանում Հանրապետության ղեկավարը կմասնակցի «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ