Ադրբեջանն իր քարոզչական մեքենայի ոճին հատուկ վերջերս շատ է գովազդում իր ռազմաարդյունաբերական ձեռքբերումները, որոնք երբեմն ներկայացվում են որպես ցնցող ձեռքբերումներ: Փորձենք հասկանալ, թե իրականում ինչ ձեռքբերումներ ունեն մեր հարեւանները, որոնք հսկայական միջոցներ են ծախսում տվյալ ոլորտի վրա: Առաջինն անդրադառնանք վերջերս բավականին մեծ աղմուկ հանած ադրբեջանական մի զենքի` «İstiqlal (İST-14,5 Anti-Material Rifle)» դիպուկահար հրացանին:

Նշված հրացանը պատկանում է մեծ տրամաչափի համանման զենքերի դասին: Ինչպես պարզվում է, նույն անունը կրող եւ ենթատարբերակներ համարվող իրականում տարբեր հրացաններ կան այս անվան տակ: Հայտնի է, որ նշված հրացանի տարատեսակներից մեկը կամ հիմնականը կիրառում է խորհրդային/ռուսական 14,5X114 մմ փամփուշտներ: Ըստ ադրբեջանական տվյալների իրենց դիպուկահար հրացանն ունի հետեւյալ մարտավարատեխնիկական բնութագիրը.

Զենքի երկարությունը` 2015 մմ

Փողի երկարությունը` 1220 մմ

Քաշը` 20-29 կգ, վերջինը լրակազմով

Կրակի արդյունավետ հեռավորությունը` 3000 մ

Զենքը կիսաավտոմատ է, ինքնալիցքավորվող

Պահեստատուփը 3 կամ 10 փամփուշտի համար

Ունի 8 անգամ մոտեցնող օպտիկական նշանոց։ 

Առաջին հայացքից, իհարկե, վատ տվյալներ չեն, սակայն փորձենք վերլուծել դրանք: Աշխարհում ներկայումս շատ են տարածված մեծ տրամաչափի դիպուկահար հրացանները, սակայն տվյալ տրամաչափն անգամ Ռուսաստանում ընդունված չէ որպես դիպուկահար զենք: Աշխարհում առավել հայտնի մոտ 30 մեծ տրամաչափի դիպուկահար հրացաններից 5-ից էլ քիչ են 14,5 եւ ավելի մեծ տրամաչափի զենքերը: Դրանք իրենց հեղինակությամբ լավագույնների վերջում են: 14,5 մմ-ոց փամփուշտները ճիշտ է շատ հզոր են եւ այդ առումով զրահապատ տեխնիկայի դեմ կիրառելու համար բավականին հարմար, սակայն դրանք չունեն հատուկ դիպուկահարների համար նախատեսված գնդակներ կամ արկեր: Այսինքն այս փամփուշտների միակ առավելությունը դա հզորությունն է: Մոտ 60 գրամանոց արկը փողից դուրս գալով մոտ 1000 մ/վ արագությամբ ունի մոտ 30 000 Ջոուլ էներգիա : Համեմատության համար նշենք, որ 12,7X108 մմ-ոց խորհրդային փամփուշտներն ունեն մոտ 50 գրամանոց արկ եւ մոտ 16 000 Ջոուլ էներգիա : Այստեղ բնական հարց է առաջանում, եթե այս փամփուշտներն այսքան հզոր են, ապա ինչու դրանցով դիպուկահար հրացաններ գրեթե չկան կամ շատ քիչ են: Խնդիրը հենց նրանում է, որ հզոր փամփուշտը նաեւ նշանակում է, որ դրանով կրակելը շատ դժվար է, իսկ որոշակի տարածությունից այն կողմ այդ արկերի ցրումն այնքան է մեծանում, որ դիպուկ կրակի մասին խոսելն ավելորդ է: Այդ հեռավորությունը կազմում է միջինը 1200-1500 մ:

Տեղեկանք. Մեծ տրամաչափի դիպուկահար հրացաններով միջին արդյունքը կազմում է 1200-1500 մ: Աշխարհում հեռահարության ռեկորդ սահմանած դիպուկահարները (Ա.Պերրի-2310 մ, Ռ. Ֆառլոնգ-2450 մ) օգտագործել են ամերիկյան 12,7 մմ-ոց McMillan TAC-50 հրացաններ: Այս եւ ավելի ճշգրիտ կրակ ապահովող CheyTac համակարգերը բալիստիկ հաշվարկիչների եւ ավելի քան 15-20 անգամ մոտեցնող օպտիկական նշանոցների շնորհիվ կարողանում են կրակել լավագույն դեպքում 2500 մ: Ահա թե ինչու են կասկածելի ադրբեջանական դիպուկահար հրացանի տվյալները եւ նշանակությունը:

Եթե մարդուն 1500-2000 մ հեռավորության վրա նման զենքով հնարավոր չէ խոցել, ապա դիպուկահարի ստեղծման իմաստը ո՞րն է: Իհարկե, զենքի տվյալների մեջ գրված է, որ այն նախատեսված է նաեւ զրահապատ տեխնիկայի եւ այլ նշանակետերի խոցման համար եւս: Բնական է, որ նման հեռավորության վրա զրահապատ մեքենան չափերով մեծ է եւ դիպչելու հավանականությունն էլ մեծանում է, չնայած նման հեռավորության վրա որոշ զրահապատ մեքենաներին եւս անհնար է խոցելը: Սակայն նման տրամաչափի փամփուշտներով նման նշանակետ խոցելու համար բավական են նաեւ գնդացիրները, որոնք անգամ ավելի մեծ հավանականությամբ կարող են խոցել այդ նույն մեքենաները՝ ելնելով իրենց արագաձգությունից եւ այլ հատկանիշներից: Այստեղ, իհարկե, հարց կարող է առաջանալ, որ նման գնդացիրներն ավելի մեծ եւ ծանր են, սակայն արի ու տես, որ ոչ: «КПВ» գնդացիրն առանց մեծ մարտապաշարի չունի մեծ քաշ: Բացի դրանից նման խնդիրների համար շատ երկրներ գնում են սահմանափակ քանակությամբ արդեն իրենց արդարացրած հրացաններ:

Ահա նաեւ այն պատճառները, թե ինչո՞ւ նման տրամաչափի դիպուկահարները մեծ տարածում չունեն, իսկ գնողներն էլ, քանի որ կիրառելու են սահամանափակ քանակով, չեն զբաղվում դրանց ստեղծմամբ: Կան, իհարկե, նաեւ այլ պատճառներ: Առաջին մեծ տրամաչափի դիպուկահարների կիրառությունը ցույց տվեց, որ դրանց արդյունավետությունն այնքան մեծ չէ, սովորական արկերով: Ճիշտ է շատ երկրներ Ադրբեջանի նման շարունակում են սովորական գնդացիրների համար նախատեսված արկերի-փամփուշտների համար դիպուկահարներ ստեղծել, անգամ կան «էկզոտիկ» 20 մմ-ոց մի քանի նմուշներ: Դրանք բոլորն էլ հզոր են, սակայն այստեղ ավարտվում է դրանց առավելությունը: Մեծամասամբ արեւմուտքում ստեղծված հզոր դիպուկահարների համար ստեղծվում են հատուկ փամփուշտներ: Դրանք կարող են լինել ավանդական տրամաչափի փամփուշտների հատուկ տեսակներ կամ բացառիկ տրամաչափի փամփուշտներ, որոնք ճիշտ է թանկ արժեն, սակայն իրենց գործում անփոխարինելի են: Աշխարհի լավագույն դիպուկահարները «CheyTac» համակարգի փամփուշտներով են սնվում, որոնց տրամաչափը չի հասնում 11 մմ-ի: Դրանք նախատեսված են 2000-2500 մ հեռավորության վրա արդյունավետ կրակ վարելու համար: 1000-1500 մ հեռավորության վրա նույնքան հաջողությամբ կիրառվում են ավելի փոքր եւ հարմար 12,7 մմ-ոց ռուսական կամ ամերիկյան փամփուշտները, հենց այդ պատճառով էլ կարիք չկա ստեղծել ավելի հզոր դիպուկահարներ:

Ինչպես տեսանք, այս ադրբեջանական զենքը 20-29 կգ է, ինչը նման զենքերի համար չափազանց մեծ զանգված է: Աշխարհի ամենատարածված «М82», «McMillan TAC-50» եւ այլ դիպուկահարների քաշը չի հասնում անգամ 15 կգ-ի:

Ինչպես նշեցինք, նույն տրամաչափի այլ դիպուկահար հրացաններ եւս կան, դրանք գրեթե բոլորն էլ տարածված չեն, դրանցից է նաեւ մոդուլային կառուցվածք ունեցող հարավաֆրիկյան «Mechem NTW-14,5»-ը, որը կարող է նաեւ կիրառել 20 մմ-ոց փամփուշտներ:

Կարելի է վստահորեն պնդել, որ ադրբեջանական դիպուկահարը կառուցվածքով եւ աշխատանքի հիմնական սկզբունքով խորհրդային գնդացրի եւ հարավաֆրիկյան այս համանման զենքի արտագրությունն է: Դրանում կարելի է անգամ համոզվել նկարներից եւ չափերից: «КПВ»-ի երկարությունը կազմում է 2000 մմ, իսկ փողի երկարությունը 1346 մմ :

«Mechem NTW-14,5»-ի քաշը, երկարությունը եւ փողի երկարությունը կազմում են նույնքան, որքան ադրբեջանական զենքինն է: Զարմանալի համընկնում է չէ, սրանք այն բազային տվյալներն են, որոնք բնութագրում են զենքը:

Նշեցինք այն մասին, որ ադրբեջանական ներկայացված տվյալները կեղծիք են, նման զենքով 3000 մ հեռավորության վրա դիպուկ կրակ վարել հնարավոր չէ: Համեմատության համար նշենք, որ նույն տրամաչափի առաջին դիպուկահարը հունգարական «Gepard»-ն ունենալով անգամ ավելի երկար փող` 1630 մմ ունի 1000-1500 մ արդյունավետ կրակի հեռավորություն: Զենքի հեռահարության առաջին գործոններից է երկար փողը, որն ապահովում է արկի մեծ արագություն, հետեւաբար, նաեւ հեռահարություն եւ դիպուկություն: «Gepard»-ի 400 մմ-ով ավելի երկար փողն ապահովում է կրկնակի պակաս հեռահարություն, սա ուղղակի աբսուրդ է, բացատրությունը պարզ է, ադրբեջանական տվյալները կեղծ են: Անգամ «Mechem NTW-14,5»-ի, որից արտագրված է ադրբեջանական հրացանը, տվյալներում նշված չէ 3000 մ:

Ադրբեջանական զենքի փայլուն նմուշ չլինելու մասին են վկայում նաեւ տեխնիկական այլ գործոններ: Սովորաբար նույն տրամաչափ եւ նույն փողի երկարություն ունեցող զենքերի մեջ առավել հեռահար է լինում այն զենքը որը չունի ինքնալիցքավորում: Ինչպես գիտենք վերը նշված ադրբեջանական զենքը ինքնալիցքավորվող է, այն էլ վատագույն տարբերակով` գազամխոցի շնորհիվ: Նման զենքերը նաեւ չեն կարող լինել գերճշգրիտ, քանի որ զենքի աշխատող մեխանիզմները ավելի շատ են: Բոլոր բարձրակարգ դիպուկահարները հիմնականում ինքնալիցքավորում չունեն: Այս ամենից զատ ադրբեջանական դիպուկահարը ունի առավելագույն հեռահարության եւս մեկ սահմանափակում: Ինչպես կարելի է նկատել բոլոր նկարներից եւ վիդեոներից, այդ զենքը հանդերձված է բելառուսական կամ ռուսական արտադրության «ПОСП 8Х42» տեսակի օպտիկական նշանոցով, որը տեղադրված է զենքի կողքից` խորհրդային տիպի զենքերի նման: Այս նշանոցով հնարավոր է դիպուկ կրակ վարել առավելագույնը 1200 մ հեռավորության վրա, դա հայտնի է բազմակի փորձերից, որ կատարել է նաեւ անձամբ հեղինակը: Իսկ կողքից տեղադրվող նշանոցները բարձրակարգ դիպուկություն չեն կարող ապահովել անգամ 1000-1200 մ հեռավորության վրա: Որպես օրինակ նշենք որ աշխարհում ոչ մի բարձրակարգ դիպուկահար հրացան չունի օպտիկական նշանոցի կողքից տեղադրում, իսկ մոտեցումը կազմում է 12-25 եւ ավելի անգամներ մեծ հեռավորությունների վրա կրակելու համար:

Վերը նշված հունգարական, հարավաֆրիկյան, խորվաթական եւ այլ դիպուկահար հրացանները եւս նույն պատճառներով մեծ տարածում չեն գտնում: Այնպես որ ադրբեջանական դիպուկահարը դեռ շատ հեռու է լավը լինելուց եւ նմանը դառնալու հնարավորություններ գրեթե չունի: Կա եւս մեկ պատճառ, հզոր եւ բարձրակարգ դիպուկահարներն ինքնալիցքավորվող չեն լինում, քանի որ աշխատող շատ դետալները խանգարում են դիպուկ կրակին, ծանր են եւ որոշակիորեն նվազեցնում են գազերի ճնշումը: Մամուլում հայտնի է դարձել, որ այս զենքը նախատեսվում է նաեւ արտադրել 12,7 մմ-ոց արկերով կրակելու համար: Իհարկե, այս հնարավորությունը բավականին կմեծացնի հրացանի պահանջարկը, սակայն այն արդեն լավ հրացան դառնալու հնարավորություններ չունի: Աշխարհում մի քանի տասնյակ երկրներ այսօր արտադրում են ամենատարբեր դիպուկահար հրացաններ, սակայն իրականում որակյալ զենքեր ոչ բոլորն են կարողանում ստեղծել: Ադրբեջանական նշված դիպուկահարը լայնորեն կիրառվում իրենց ԶՈւ-երի կողմից եւ պատահական չէ, որ դրանց կրակի արդյունավետությունը շատ ցածր է: Այս զենքով տարեկան արձակվում են հազարավոր արկեր, դրանց մասին մենք պարբերաբար նշում ենք, սակայն խոցման դեպքերը կարելի է հաշվել մատերի վրա: Այս արդյունքը արդեն դիպուկահարային չէ, նման կերպ կիրառվում են գնդացիրները:

ՀՀ ԶՈւ-երում կիրառվում է 12,7 մմ-ոց Zastava M93 (Black Arrow) սերբական դիպուկահար հրացաններ, որոնք չունեն ինքնալիցքավորում, քաշը կազմում է 14,5-16 կգ եւ նախատեսված են միչեւ 1200 հեռավորության վրա դիպուկ կրակ վարելու համար: Օտպիկական նշանոցը տեղադրված է վերեւից: Այսինքն իր հիմնական տվյալներով համապատասխանում է իր դասի հրացանների պահանջներին:

Արծրուն Հովհաննիսյան