«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար կնշանակվի կամ Վահան Բաբայան, կամ Տիգրան Ուլիխանյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Նրանք համապատասխանաբար զբաղեցնում են ԲՀԿ համամասնական ցուցակի 19-րդ եւ 20-րդ հորիզոնականանները եւ դարձել են պատգամավոր: NEWS.am-ին չհաջողվեց ճշտել այս լուրերի իսկությունը հենց նրանցից, քանի որ ոչ Վահան Բաբայանը, ոչ Տիգրան Ուլիխանյանը չէին պատասխանում հեռախոսազանգերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հրաժարական է տվել: Գալստյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում եմ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն»: