News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է վերացնել որոշումը, որով Ավանի  «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկների մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ քրգործը հետ է վերադարձվել ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու: Նախաքննությունն իրականացնելու է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի են ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Ծեծի են ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը, բժիշկ Գարիկ Սողոմոնյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Նախնական տեղեկություններով, նրան ծեծի էր ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»): Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ է ուղարկել ոստիկանություն:

Տպել
Ամենաշատ