Յուրմալայում հուլիսի 24-29-ը կայանալիք «Նոր Ալիք-2012» երգի մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստանը ներկայացնող երաժիշտ, երգիչ Սուրեն Առուստամյանը կմեկնի հուլիսի 14-ին: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Սուրեն Առուստամյանը: (ֆոտոռեպորտաժ)
Մրցույթին մասնակցող 16 երկրների ներկայացուցիչներից Հայաստանի ներկայացուցիչը կտարբերվի իր ոճով: «Ոճային նմանակ չկա, տարբեր են, ավելի շատ պոպ ժանրի մեջ են: Միակն եմ, որ բլյուզ կերգեմ: Համ էլ նվագող ես եմ միայն լինելու»,- ասաց նա:
Սուրեն Առուստամյանը միջազգային հիթերի մրցութային օրը կկատարեմ Էրիկ Կլեպտոնի Change The World երգը, երկրի հիթերի կատարման օրը՝ «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգը, իսկ հեղինակային երգն ընտրվել է, սակայն շատ հավանական է, որ փոփոխվի: Հայաստանի մասնակիցը նշեց, որ մրցակիցները բավականին ուժեղ են, ինքն էլ՝ լավ տրամադրված: «Կոնկրետ ինձ վոկալիստ չեմ համարում, ընդհանուր կատարման վրա է իմ «ֆիշկան», իսկ վոկալով չեմ պատրաստվում զարմացնել»,- ասաց նա` հավելելով, որ իր համար կարեւորը լավ ելույթն է:
Ասուլիս մյուս բանախոսը` «ԱՌՍ» ընկերության եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Նոր Ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը նշեց, որ այս տարի Ալլա Պուգաչովան մրցույթին չի մասնակցի, ինչ-որ անձնական պատճառներով:
Ինչ վերաբերում է երգերին, ապա ցանկը պետք է ընտրեն մրցույթի կազմակերպիչները, ուստի հաշվի առնելով, որ հնարավոր է, որ երգերը փոխվեն եւ ունենալով դրա դառը փորձը՝ մրցույթին իրենց հետ կտանեն նաեւ իրենց գործիքավորողներին: Ընկերությունը պայմանագիր է կնքել ռուս հայտնի կոմպոզիտորի հետ, ով անհրաժեշտության դեպքում երգեր կտրամադրի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոր ալիք 2012-ի» եզրափակիչ փուլին մասնակցելու համար երիտասարդներից մեկնել են 5, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ին» մասնակցելու համար` 4 կատարողներ: Երիտասարդներից կիսաեզրափակչին մասնակցել են երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Մերի Մնջոյանը եւ երգիչ Սուրեն Առուստամյանը, իսկ մանուկներից` Էռնա Միրզոյանը, Սոնա Գյուլխասյանը, Արինա Մալխասյանը եւ Պատրիսիան: Մոսկվայում ապրիլի 18-19-ին կայացած կիսաեզրափակիչ փուլում ժյուրին մանուկներից ընտրել է Սոնա Գյուլխասյանին եւ Արինա Մալխասյանին, իսկ մեծերից` Սուրեն Առուստամյանին:
Ի դեպ, NEWS.am-ը ներկայացրել էր իր հարցազրույցը Սուրեն Առուստամյանի հետ:




























