«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը քանդել է բերանի կարերը եւ հանել ոտքերի մեխերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ օրեր առաջ մամուլում  հրապարակել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքը, իսկ այսօր նաեւ նրա մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:

 ««Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որեւէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ»,- տեղեկանում ենք Արդարադատության նախարարության կայքից:

 Նշենք, որ առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտեղեկացնեն քննությունն ավարտելուց հետո: